Բելգիայի ոստիկանությունը մի շարք խուզարկություններից հետո ձերբակալել է Եվրախորհրդարանի ղեկավարությանը մոտ կանգնած առնվազն չորս մարդու։ Նրանք կասկածվում են կոռուպցիայի և Կատարի օգտին լոբբիստական գործունեության համար։
Politico-ի տեղեկություններով՝ խուզարկությունների արդյունքում ոստիկանությունը առգրավել է մոտ 600 հազար եվրո կանխիկ գումար։ Բելգիայի դատախազությունը ձերբակալվածների անունները չի հայտնում, Le Soir բելգիական պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ կասկածյալներից մեկը Եվրախորհրդարանի փոխնախագահ, Հունաստանի սոցիալիստական PASOK կուսակցության անդամ Եվա Կայլին է։
Հունական մամուլն արդեն հրապարակել է PASOK-ի հայտարարությունը կոռուպցիայի մեղադրանքներով Կայլիին կուսակցությունից հեռացնելու մասին։ Ավելի վաղ Կատարի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ Եվա Կայլին այդ երկիրն անվանել էր «աշխատողների իրավունքների առումով առաջատար», չնայած միջազգային հանրության պնդումներին՝ Կատարում օլիմպիական օբյեկտների կառուցման ժամանակ աշխատողների իրավունքների կոպտագույն և համատարած խախտումների մասին: Բելգիական մեկ այլ պարբերական՝ Knack-ը գրում է, որ երկրի դաշնային դատախազությունը հուլիսից է հետաքննում Եվրախորհրդարանում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները։ Դատախազության խոսնակ Էրիկ վան Դույզը հայտարարել էր, որ իրավապահները կասկածներ ունեն, որ «Պարսից ծոցի երկրներից մեկը» Եվրամիության օրենսդիր մարմնի պաշտոնյաներին կաշառելու միջոցով փորձում է ազդել Եվրախորհրդարանի տնտեսական և քաղաքական որոշումների վրա։
Փորձագետների կարծիքով՝ Կատարի իշխանությունների համար կարևոր է դրական իմիջ ձևավորել երկրի մասին, որը հայտնի է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ, այդ թվում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված։ Միևնույն ժամանակ Կատարը գազի արտադրության ծավալներով աշխարհի առաջատար երկրներից է, որի հետ Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ «էներգետիկ պատերազմի» ֆոնին: