44-օրյա պատերազմից հետո Արցախի Մարտունի քաղաքի տարածքում հայտնաբերված՝ չպայթած հրթիռը և դրանից ստացված նմուշները ներկայացվե են փորձաքննության և «անկախ փորձագիտական խմբի կողմից կատարված հետազոտության արդյունքում տրված եզրակացությամբ փաստվել է, որ այն իրենից ներկայացնում է սպիտակ ֆոսֆորից բաղկացած ֆոսֆորային ռազմամթերք»:
Արցախի դատախազության փոխանցմամբ՝ ռազմամթերքի հայտնաբերման, վնասազերծման և նմուշառման ողջ գործընթացը կատարվել է մասնագետների մասնակցությամբ, ամրագրված տեսաձայնագրությամբ և հետազոտության առարկան ու փորձաքննության նյութերը անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային փորձագետների հետազոտությանը:
«Այսպիսով, փորձագիտական հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային ոչնչացման ու մարդկային մեծաթիվ կորստի, տառապանքի ու վնասի հանգեցնող քիմիական զենքով ուղիղ թիրախավորել են այն բնակավայրերը, որտեղ գտնվում էր խաղաղ բնակչություն (պատերազմի օրերին ու դրանից հետո հրապարակվել էին քիմիական զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր)», - ասված է հաղորդագրությունում:
Այդ կերպ, ըստ Արցախի դատախազության հաղորդագրության, «Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի 35-րդ հոդվածը»:
Դատախազության տարածած հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե որտեղ և ինչ կազմակերպության կողմից է կատարվել փորձաքննությունը:
Բաքուն դեռևս չի արձագանքել Ստեփանակերտի այս պնդմանը: