Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը քննարկել է նաև Ռուբեն Վարդանյանի Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու որոշումը։
«Պատրիարք Կիրիլի հետ զրույցում ես ասացի՝ ցավալի է, որ Մոսկվայից Խանքենդի է ժամանել նոր մարդ, և այնտեղ նա ժողովրդին ռևանշիզմի կոչ է անում, իսկ Հայ եկեղեցու առաջնորդը աջակցում է այդ ամենին»,- ԱՊԱ գործակալության հետ զրույցում պատմել է Փաշազադեն։
Մահմեդական առաջնորդը հարցազրույցում Ադրբեջանը անվանել է «հաղթող», միևնույն ժամանակ կոչ արել Ամենայն Հայոց կաթողիկոսին հանդես գալ խաղաղության դիրքերից։
«Ցավոք, Հայաստանի կողմից ռևանշիզմի դրսևորումները չեն մարում»,- կրկնելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության պնդումները՝ ասել է Փաշազադեն:
Անցած ամիս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հրապարակավ կշտամբել Ռուսաստանին ու պնդել, թե բանակցություններ չեն վարելու «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ»։