Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանն ընդդիմադիր ակտիվիստ Իլյա Յաշինին դատապարտեց 8 տարի 6 ամսվա ազատազրկման՝ «քաղաքական ատելության հողի վրա Ռուսաստանի բանակի մասին «ֆեյք» նյութեր տարածելու» մեղադրանքով (ՔՕ 207.3 հոդվածի 2-րդ մասի «դ» կետ):
Յաշինը պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Ազատություն ստանալուց հետո նա 4 տարով կզրկվի համացանց օգտագործելու իրավունքից:
«Այս հիստերիկ դատավճռով իշխանությունն ուզում է բոլորիս վախեցնել, բայց գործնականում միայն իր թուլությունն է ցուցադրում: Ուժեղ լիդերները հանգիստ են և վստահ, միայն թույլերն են փորձում բոլորի բերանը փակել, արմատախիլ անել ցանկացած այլախոհություն: Ուստի, այսօր կարող եմ միայն կրկնել այն, ինչ հայտարարել եմ ձերբակալության օրը՝ ես չեմ վախենում, դուք էլ մի վախեցեք»,- ասվում է Յաշինի ուղերձում, որը դատավճռի հրապարակումից հետո տեղադրվել է նրա Տելեգրամ ալիքում:
Ըստ մեղադրող կողմի, Յաշինը հանցանք է գործել ուղիղ եթերում, երբ ապրիլի 7-ին իր յութուբյան ալիքով հեռարձակված ծրագրում պատմել է Կիևի շրջանի Բուչա ավանում ռուսաստանցի զինծառայողների կատարած պատերազմի հանցագործությունների մասին:
Յաշինի փաստաբանը պնդել է, որ յութուբյան ծրագրում ընդդիմադիր ակտիվիստն ընդամենը ցուցադրել է մի հատված BBC բրիտանական հեռուստառադիոկայանի հեռարձակած ռեպորտաժից:
Մեղադրող կողմը պնդում է, որ Բուչայում մարդկանց սպանդի մասին վկայող տեսագրությունները և լուսանկարները կեղծվել են «Կիևի հանցավոր ռեժիմի կողմից, և դրանց նպատակն է վարկաբեկել Ռուսաստանի զինված ուժերն ու միջազգային հանրությանը ռուսաստանցի զինծառայողներին ներկայացնել որպես պատերազմի հանցագործների»:
Իլյա Յաշինն առաջին օրվանից դատապարտել է ռուս-ուկրաինական պատերազմը: Նա այն ոչ մեծաթիվ ընդդիմադիրներից է, ովքեր փախուստի չեն դիմել այն բանից հետո, երբ Մոսկվան բանտարկել է Ալեքսեյ Նավալնիին և սկսել է լայնածավալ ռազմական հարձակումն Ուկրաինայի վրա: