Մոդին չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը. Bloomberg

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուս-հնդկական ավանդական գագաթնաժողովն այս տարի չի կայանա. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս ամիս պլանավորված դեմ առ դեմ հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ Հնդկաստանի վարչապետի որոշումը պայմանավորված է Ուկրաինայի պատերազմի, մասնավորապես՝ միջուկային զենք կիրառելու ռուսական սպառնալիքների հետ։

Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովը տեղի է ունենում ամեն տարի՝ սկսած 2000-ականների սկզբից և միայն մեկ անգամ է չեղարկվել՝ 2020 թվականին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Bloomberg-ի աղբյուրները շեշտել են, որ գագաթնաժողովի չեղարկումը չի նշանակում Դելիի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացում, սակայն, ինչպես հավելել են, Մոդին կարծում է, որ այս պահին ՌԴ նախագահի հետ հանդիպումն իրեն օգուտ չի բերի։

Երկու երկրների պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել ամերիկյան լրատվամիջոցի տեղեկությունները։