Շոյգու. Հայաստանը Ռուսաստանի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումներից, արխիվ

Հայաստանը Ռուսաստանի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հայաստանցի պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։

Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նիստի շրջանակում։

«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերը Անդրկովկասում: Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և դրա համար գործադրում ենք բոլոր ջանքերը: Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս երկկողմ համագործակցության զարգացմանը և Հայաստանի Զինված ուժերի ներուժը մեծացնելուն ուղղված աջակցությանը»,- հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը, ստորագրել են իրենց գլխավորած գերատեսչությունների միջև 2023 թվականի համագործակցության պլանը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան