Պուտինը հաստատեց, որ ռուսները հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկայի համակարգին

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմում է Ռուսաստանի հերոսներին, Մոսկվա, 8 դեկտեմբերի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է Ռուսաստանի Հերոսի կոչմանն արժանացած քաղաքացիներին: Հերոսի մեդալները շնորհելու հանդիսավոր արարողությունից հետո Պուտինը նրանց հետ զրույցում հաստատել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի էներգետիկայի համակարգին:

«Հենց հիմա ամբողջ աշխարհով աղմուկ են բարձրացրել, թե տեսեք՝ ինչ են անում ռուսները: Այո, հարվածում ենք, բայց ո՞վ առաջինը սկսեց, ո՞վ հարվածեց Ղրիմի կամրջին, ո՞վ պայթեցրեց Կուրսկի ատոմակայանից էլեկտրահաղորդման գծերը»,- հռետորական հարց է տվել Պուտինը և հավաստիացրել, որ նշված աղմուկը բանակին չի խանգարի մինչև վերջ կատարել առաջադրանքը:

Այսօրվա հանդիպման ընթացքում նա ասել է, թե հերոս է համարում յուրաքանչյուրին, ով հիմա կռվում է Ուկրաինայում:

Ռուսաստանն անցած ամիսներին գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Ուկրաինայում հոսանքի, ջրի, ջեռուցման և կապի մատակարարման հիմնարկներին:

Ըստ վերլուծաբանների, Կրեմլի նպատակն է Ուկրաինայում մարդկանց կյանքն անտանելի դարձնել ձմռան ամիսներին և դրանով թուլացնել երկրի դիմադրությունը:

Ուկրաինան և արևմտյան պետությունները քաղաքացիական ենթակառուցվածքի միտումնավոր թիրախավորումը պատերազմի հանցագործություն են որակում: