Հրազենային վիրավորումից զոհվել է ադրբեջանցի զինծառայող

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արխիվ, Բաքու:

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, հրազենային վիրավորումից մահացել է Ադրբեջանի բանակի N զորամասի զինծառայող Էլնուր Մամեդովը:

Կուբաթլուի շրջանի զինվորական դատախազության աշխատակիցները զննել են մարմինը և որպես իրեղեն ապացույց հավաքել են տարբեր առարկաներ, որոնք կարող են նշանակություն ունենալ միջադեպի հանգամանքները պարզելու համար:

Քննիչները զրուցել են մի շարք զինծառայողների հետ և արձանագրել են նրանց բացատրությունները:

Հարուցվել է քրեական գործ, սակայն Trend-ը չի հայտնում, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով:

Դատախազությունը միայն հավաստիացրել է, թե ամեն ինչ կարվի Մամեդովի զոհվելու հանգամանքները բացահայտելու համար:

Հաղորդագրությունում չկա ակնարկ այն մասին, թե Մամեդովը կարող էր վիրավորում ստանալ հայկական կողմից արձակված կրակոցից: