Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակ Այհան Հաջիզադեի փոխանցմամբ, Բաքուն բողոքի նոտա է հղել Թեհրանին «Ղարաբաղում Իրանի քաղաքացիների հայտնվելու կապակցությամբ»:
«Ինչ վերաբերվում է մեր տարածք՝ ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտի, ապօրինի ճանապարհով Իրանից հասած քաղաքացիների մասին տեղեկությանը, Բաքվում Իրանի դեսպանատանն է փոխանցվել համապատասխան նոտա»,- «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը դեկտեմբերի 3-ին ասել է Հաջիզադեն:
Նա նշել է, որ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը սպասում է Իրանի պատասխանին:
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելը վաղ հաղորդել են, որ Իրանի 14 քաղաքացիներ ապօրինի եղանակով հայտնվել են «Ղարաբաղի շրջանում ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում»:
Ադրբեջանի իշխանությունները ենթադրում են, որ «Իրանի քաղաքացիները հակաադրբեջանական գործունեության նպատակով են ժամանել»: