Սահմանադրությունը կփոխվի, բայց կառավարման ձևը նույնը կմնա։ Կպահպանվի խորհրդարանական համակարգը, ինչը ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որակել էր «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում»։
«Հիմա որ Սահմանադրության մասին խոսում ենք, սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է», - ասել էր Փաշինյանը:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նախօրեին քվեարկությամբ է հաստատել, որ պահպանվի այն համակարգը, ինչի մասին վերջին անգամ վարչապետը դրական կարծիք է հայտնել։ Նիկոլ Փաշինյանը հակասական կարծիքներ է հայտնել կառավարման ձևի վերաբերյալ։ Պատերազմից հետո, երբ բողոքի ալիք էր երկրում և Փաշինյանը դժվարանում էր իր իշխանության դեմ դուրս եկած Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցը լուծել, հայտարարեց, թե պետք է փոխել Սահմանադրությունն ու անցնել կիսանախագահական համակարգին։
«Համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի», - հայտարարել է վարչապետը:
Ամիսներ անց, երբ արդեն Փաշինյանը վերընտրվեց, փոխեց դիրքորոշումը, թե պետք է պահպանվի խորհրդարանական համակարգը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որ տևական ժամանակ է քննարկում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, առաջին որոշումը, որ ընդունել է, սա է՝ պահպանել այն համակարգը, ինչը վերջին անգամ ճիշտ էր համարել վարչապետը։
«Նոյեմբերյան էմոցիոնալ փուլից հետո իմ տեսակետը մնում է այն, որ կառավարման խորհրդարանական համակարգը չպետք է փոխվի», - ընդգծել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի վերադառնա նախագահական կամ կիսանախագահական համակարգիՍահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանն է զեկուցել, որ այս համակարգը պետք է պահպանվի. - «Ո՛չ խորհրդի որևէ անդամի կողմից, ո՛չ առավել ևս գործադիր իշխանության կողմից որևէ ցուցում մենք չենք ստացել, մասնագետներով քննարկել ենք»:
Խորհրդի մեծամասնությունն էլ կողմ է քվեարկել։ Կողմ քվեարկողներից են վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հասարակական կազմակերպություններից Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը։ Այս խումբը 2015 թվականին ակտիվ պայքարում էր Սերժ Սարգսյանի օրոք փոխվող Սահմանադրության դեմ։ Խորհրդից փաստաբան Տիգրան Եգորյանն է ձեռնպահ քվեարկել, քանի որ խորհուրդը պատշաճ չի քննարկել հարցը և այդպես էլ ընդունել են որոշումը։
«Եթե քվեարկում ես առանց դրանք քննարկելու և առանց այդ քննարկումը խորը ու մասնակցային կազմակերպելու, դա արդեն քո կարծիքը չի, դա այլ տեղից եկող քվեարկություն է: Ինձ համար դա ընդունելի չի», - նշեց փաստաբանը:
Եգորյանն ասում է՝ ձեռնպահ է քվեարկել, որ հարցի քննարկումը բաց մնա և պատեհ պահին անդրադառնա դրան։ Որոշումն, ըստ նրա, թե՛ հանրային, թե՛ հանձնաժողովի մանրակրկիտ ու համակողմանի քննարկման ու հիմնավորման արդյունքում պետք է ընդունվեր։
«Այս քննարկումը, իմ գնահատմամբ, եթե այն կարելի է այդպիսին համարել, չի կարող և ի զորու չի այսպիսի լուրջ խնդիր լուծելու, ինչպիսին սահմանադրական փոփոխության հայեցակարգ և նախագիծ կազմելն է: Այսպիսի քննարկումներով աշխարհում ոչ մի տեղ Սահմանադրություններ ո՛չ գրվել, ո՛չ փոփոխվել են», - ասաց նա:
Գործող խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում վարչապետի պաշտոնավարումն անսահմանափակ է։ Նա կարող է առաջադրվել ու ընտրվել, որքան ցանկանա։ Կսահմանափակվի՞ պաշտոնավարման ժամկետը, թե՞ կմնա նույնը։ Առաջիկա շաբաթներին էլ այս հարցը չի լինի հանձնաժողովի օրակարգում։
Դավիթ Հակոբյանի կարծիքով՝ պետք է քննարկեն. - «Ես իբրև հանձնաժողովի անդամ, գտնում եմ, որ՝ այո, միգուցե պետք է սահմանափակումը նախատեսել»:
Խորհրդի անդամներից «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանն է դեմ քվեարկել, քանի որ իրենց կուսակցությունը նախագահականին է կողմ։ Նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը տարեվերջին պատրաստ լինի, իսկ նախագծի կամ փոփոխությունների ընդունման ժամկետի մասին հստակ տեղեկություն հանձնաժողովի անդամներն էլ չունեն։