Ծովով փոխադրվող ռուսական նավթի մեկ բարելի գնի վերին շեմը՝ 60 դոլար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ

Ծովով փոխադրվող ռուսական նավթի սակագինը կանոնակարգվող կլինի և մեկ բարելի վերին շեմը չի գերազանցի 60 դոլարը: Այդ լուրը հաստատել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Եվրամիությունը, «Մեծ յոթնյակը» և մեր գլոբալ մյուս գործընկերներն այսօր համաձայնել են սահմանել ծովով մատակարարվող ռուսական նավթի գնի վերին շեմը: Դա էապես կնվազեցնի Ռուսաստանի եկամուտը և կօգնի մեզ կայունացնել էներգակիրների համաշխարհային գները, դա կօգնի նաև ամբողջ աշխարհում ձևավորվող շուկաներով երկրներին: Այդ շեմը ժամանակի ընթացքում կկարգավորվի»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրոպական միության խորհուրդը վաղը պետք է ի պաշտոնե հաստատի ռուսական նավթի մեկ բարելի գնի վերին շեմը 60 դոլար սահմանելու որոշումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին գումարված «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովում ասել է, թե Դաշնությունն էներգակիրներ չի մատակարարի այն երկրներ, որոնք կսահմանափակեն դրանց գինը: