Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր ասել է, թե բացառվում է, որ իր երկրի միջոցով որևէ մեկը շրջանցի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները:
Սերբիան համարվում է Ռուսաստանի ավանդական դաշնակիցներից մեկը, սակայն ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը: Վուչիչն այսօր հանդիպել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյիի հետ:
«Ոչ ոք մեր տարածքով չի շրջանցի սանկցիաները, մենք հանցագործություններ չենք կատարում»,- ասել է Վուչիչը:
«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը նաև ազդել է անդամակցության բանակցությունների վրա: Առաջընթաց է պետք, Եվրոպան հարձակման է ենթարկվել և անհրաժեշտ է միասնական արձագանք»,- ասել է Վարհեյին:
Նա նշել է, որ Սերբիան կարող է միանալ Եվրամիությանը միայն այն դեպքում, եթե բարեփոխումներ իրականացնելուց զատ կմիանա նաև Ռուսատանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին:
Սերբիան իր ամբողջ գազը ստանում է Ռուսաստանից և նավթագազային միակ օպերատոր NIS ընկերության բաժնեթղթերի մեծ մասը պատկանում է «Գազպրոմ Նեֆտ» և «Գազպրոմ» ռուսական ընկերություններին: