Դեկտեմբերի 1-ին և 2-ին Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 15-րդ հոբելյանական նստաշրջանը, որը նվիրված էր Կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին։
Երկօրյա գիտաժողովի ընթացքում երիտասարդ արվեստաբանները հանդես եկան արվեստագիտության ամենատարբեր ոլորտներն ընդգրկող 25 շատ ուշագրավ զեկուցումներով։
«Ազատության» հետ զրույցում Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն ասաց. - «Երիտասարդ արվեստաբանների գիտաժողովները հիմնարկվել են 2005 թվականին, առաջին գիտաժողովը եղել է 2005 թվականին։ Երկար ժամանակահատվածում ամենամյա էինք մենք կազմակերպում, ուղղակի վերջին երեք-չորս տարիների ընթացքում հայտնի պատճառներով մենք չկարողացանք գումարել այդ նստաշրջանները։ Եվ արդեն 15-րդ հոբելյանական գիտական նստաշրջանն է։ Ո՞րն է սրա նպատակը։ Ասեմ, որ հայ արվեստագիտության մեջ սա աննախադեպ երևույթ է, սրանք գիտական միջոցառումներ են, որոնց մասնակցում են արվեստի բոլոր ճյուղերը ներկայացնող երիտասարդները։ Իհարկե մասնակիցների կորիզը Արվեստի ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներն են, մեր ասպիրանտները և հայցորդները։ Բայց մեր նստաշրջանները համախմբում են նաև երիտասարդ հետազոտողների բոլոր արվեստի բուհերից և թանգարաններից։ Իմաստը՝ բացահայտել երիտասարդ ներուժի առկայությունը»։
Աննա Ասատրյանի համոզմամբ, նման գիտաժողովը ոչ միայն շատ կարևոր է երիտասարդ գիտնականների ներուժը գնահատելու համար, այլև այն շատ կարևոր հարթակ է երիտասարդ արվեստաբանների շփման և համագործակցության ուղիների հարթման համար. - «Շատ ուրախալի է մեզ համար, որ մենք տեսնում ենք, որ արվեստագիտությունը չի ծերանում, ծերացման վտանգ նրան չի սպառնում, մեր թիկունքում զգում ենք մեր երիտասարդների շնչառությունը»։
Արվեստի ինստիտուտի տնօրենը բոլորովին համամիտ չէ այն տարածված կարծիքին, թե «գիտությունը ծերանում է, երիտասարդները գիտությունից հեռանում են». - «Այդ առումով Արվեստի ինստիտուտը օազիս է, որովհետև դա չենք նկատել երբեք։ Մեզ մոտ սերնդափոխությունը շատ սահուն ձևով իրականացվում է։ Շատ երիտասարդներ կան, բազմաթիվ երիտասարդ, կարող ուժեր, ովքեր որ ցանկություն ունեն համալրելու մեր գիտական անձնակազմի շարքերը։ Մենք էլ շատ ուզում ենք, բայց դրա հնարավորությունը չունենք զուտ ֆինանսական պատճառներով։ Մեր ինստիտուտի երիտասարդական թևը շատ ժրաջան է, և այս նստաշրջաններն էլ իրականություն են դառնում ոչ թե տնօրինության հարկադրանքով, տնօրինության դրդմամբ, այլ մեր Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախաձեռնությամբ»։
Հարցին, թե արվեստի որ ոլորտներն են երիտասարդների համար առավել գրավիչ, Աննա Ասատրյանը պատասխանեց. - «Ամենաշատը երևի երաժշտագիտություն ու արվեստաբանություն։ Եվ դրա պատճառը այն է, որ արվեստաբաններ պատրաստում են մեր երկու բուհերը. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում կա արվեստաբանական բաժին, էնտեղի շրջանավարտներն են մեր պոտենցիալ ասպիրանտներն ու հետագայում աշխատակիցները, և Երևանի պետական համալսարանում նույնպես կա արվեստաբանական բաժին, և նրանց շրջանավարտները նույնպես հետագայում համալրում են։ Ինչ վերաբերում է թատրոնին, կինոյին, էստեղ համեմատաբար ավելի քիչ են շրջանավարտները։ Նույնն էլ վերաբերում է կոնսերվատորիային։ Բայց ընդհանուր առմամբ աշխուժությունը շատ մեծ է։ Երևի դա պայմանավորված է նաև մեր ինստիտուտում տիրող մթնոլորտով։ Դա էլ է շատ որոշիչ, որովհետև մեր երիտասարդների համար կանաչ լույս է վառված ու բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի իրենք բացահայտեն իրենց տաղանդը, խորացնեն իրենց գիտելիքները, իհարկե՝ մեր վաստակաշատ գիտնականների հմուտ առաջնորդությամբ։ Մեր ինստիտուտում սերունդների երկխոսություն է՝ շատ արդյունավետ»։
Զրույցի ավարտին Աննա Ասատրյանը մի անակնկալ փաստի մասին խոսեց, որը շատերի համար կարող է անսպասելի հնչել. - «Գիտությամբ առհասարակ պիտի զբաղվեն արվեստաբանները, արվեստագետները, թատերագետները, այսինքն՝ համապատասխան կրթություն ունեցող մարդիկ։ Բայց վերջին շրջանում զգում ենք մեծ հետաքրքրություն նաև երաժշտության ասպարեզում կատարողների կողմից։ Արվեստաբանության ասպարեզում՝ նկարիչների, դիզայներների կողմից։ Այսինքն՝ գիտությունը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում իրենց մոտ։ Քչերը գիտեն, որ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը արվեստագիտության դոկտոր է եղել, Կոնստանտին Իգումնովը եղել է արվեստագիտության դոկտոր։ Արվեստագիտությունը երկու երես ունի. մի երեսով արվեստաբաններ, ովքեր զբաղվում են գիտությամբ, հետագայում դոկտոր են դառնում, պրոֆեսոր են դառնում, ակադեմիայի անդամ են դառնում, և երիտասարդ հետազոտողները, ովքեր որ պաշտպանում են, բայց շարունակում են իրենց աշխատանքը ուրիշ ոլորտներում։ Ասեմ նաև, որ մեր ինստիտուտում է գործում հանրապետության միակ գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդը, որը գիտական աստիճաններ է շնորհում արվեստագիտության բոլոր բնագավառներում։ Եվ երգիչներից մեկը, որը պաշտպանեց, կոնսերվատորիայի ասպիրանտ էր, օպերային թատրոնի մեներգիչ էր, հիմա ինքը Գերմանիայում է։ Եկավ, ասաց՝ ես սրանից հետո այլ կերպ եմ իմ դերերգերը կատարում։ Գիտական աստիճանը, հետազոտական գործունեությունը մտահորիզոնն էր ընդլայնել, աշխարհայացքը։ Եվ ասեց՝ ես արդեն ուրիշ ձևով կերգեմ իմ դերերգերը»։