Շոլցի հետ հեռախոսազրույցում Պուտինը դատապարտել է Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ, Կրեմլ, Մոսկվա, 15 փետրվարի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսով զրուցել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Պուտինը քննադատել է Արևմուտքի, այդ թվում՝ Գերմանիայի կողմից Ուկրաինային սատարելու և զենք տրամադրելու քաղաքականությունը, պնդելով, թե դրա հետևանքով է երկարաձգվում պատերազմը:

«Զրույցում ուշադրություն է հատկացվել արևմտյան պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի ապակառուցողական գործելակերպին: Արևմուտքը զենք է տրամադրում Կիևի ռեժիմին և պատրաստում է ուկրաինացի զինծառայողներին: Քաղաքական ու ֆինանսական համակողմանի օգնությունն Ուկրաինային հանգեցնում է նրան, որ Կիևը բացարձակ մերժում է բանակցությունների գաղափարը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Մոսկվան պնդում է նաև, թե այդ աջակցությունն «ուկրաինացի արմատական ազգայնականներին խրախուսում է և դրդում է կատարել արյունալի նոր հանցագործություններ խաղաղ բնակչության նկատմամբ»:

Պուտինը գերմանական կողմին կոչ է արել «վերանայել դիրքորոշումն ուկրաինական իրադարձությունների համատեքստում»: