Սահմանադրության փոփոխություններով կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, երեկ որոշել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը: Այսինքն՝ անցում չի լինի դեպի նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգի, փոխարենը կբարելավվի խորհրդարանական կառավարման մոդելը:
Որոշումը ընդունվել է 8 կողմ, 1 դեմ և 1 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ է քվեարկել «Հանրապետություն» կուսակցությունից Մասիս Մելքոնյանը՝ հիմնավորելով՝ կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը: Ձեռնպահ է քվեարկել խորհրդի անդամներից Տիգրան Եգորյանը:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ասում է՝ որոշել են այժմ կառավարման ձևի փոփոխությունների չգնալ, որովհետև նախ դա մեծ սթրես կլինի պետական կառավարման համակարգի համար, բացի այդ, ըստ նրա, խորհրդարանական կառավարման համակարգն ավելի է հակված տարբեր տեսակի կոնֆլիկտները, ճգնաժամերը խաղաղ և ժողովրդավարական լուծումների տանելուն։ Որպես օրինակ, Իոաննիսյանը նշում է 2021 թվականը՝ շեշտելով՝ քաղաքական խորը ճգնաժամն ավարտվեց ընտրություններով։
«Երրորդն այն է, որ ըստ էության, խորհրդարանական կառավարման համակարգում, քանի որ գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է, ով ընտրվում է խորհրդարանի կողմից, հնարավոր չէ գործնականում օրենսդիր և գործադիր ուժերի առճակատում», - ասաց Իոաննիսյանը։
«Հարկավոր է փոխզսպումների ու հակակշռման իրական մեխանիզմներ ներդնել»
Բայց խորհուրդը նաև համաձայնել է, որ խորհրդարանական այս համակարգը շատ թերի է և այն պետք է բարեփոխել, առաջին հերթին՝ իշխանության մեջ փոխզսպումների ու հակակշռման իրական մեխանիզմներ ներդնել:
«Տարբեր մեխանիզմներ։ Հիմա մենք առաջարկում ենք նախագահին տալ վերահսկողական ինչ-որ գործառույթներ։ Որոշ գործընկերներ առաջարկում են ընդդիմության լիազորություններն ավելացնել, դա դեռ պետք է քննարկվի, բայց, ամեն դեպքում, այն, որ նման կարիքը կա, սա կոնսենսուսային է», - ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամը։
Թե ինչպես պետք է բարելավվի խորհրդարանական գործող համակարգը, քննարկվելու է առաջիկայում: Առաջարկներից մեկը «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակինն» է և հանգում է նախագահական ուղղակի և համաժողովրդական ընտրությունները վերականգնելուն և վերահսկողական լծակների մի մասը նախագահին փոխանցելուն:
«Իշխանությունը գերկենտրոնացած է վարչապետի ձեռքում և, առհասարակ, իշխող քաղաքական թիմի, և այն մեխանիզմները, որոնք պետք է դրան հակակշռեն, նորմալ չեն գործում և չեն կարող գործել, որովհետև դատական համակարգը ձևավորվում է նույն Ազգային ժողովի կողմից, որտեղ, բնականաբար, այդ նույն իշխանությունն ունի մեծամասնություն, նույնը կարելի է ասել ընտրական հանձնաժողովների մասին, նույնը կարելի է ասել հակակոռուպցիոն մարմինների մասին։ Այսինքն՝ էստեղ լուրջ խնդիրներ կան, և այս առումով մենք «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հետ առաջարկում ենք, որ այս իմ նշած մարմինների ձևովորմանն ավելի մեծ մասնակցություն ունենա հանրապետության նախագահը», - ասաց Իոաննիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները դեմ են կառավարման համակարգը փոխելու Փաշինյանի մտադրությանը