Թուրքիան ողջունում է Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջխաղացումը ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում, բայց այդ սկանդինավյան երկրներից ակնկալում է կոնկրետ քայլեր: Այդ մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Երեկ նախարարների հանդիպման ընթացքում մենք նշեցինք դեպի ՆԱՏՕ արված քայլերը և Շվեդիայի կառավարության գործելակերպում նախկինի համեմատությամբ արձանագրված փոփոխությունը: Մենք ասացինք, որ ողջունում ենք դա, սակայն չենք տեսնում կոնկրետ քայլեր քրեական հանցագործներին արտահանձնելու, ահաբեկիչների հաշվեհամարները սառեցնելու և նրանց ակտիվությունը դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով, դրվատելի է օրենքների լրամշակումը և մնացյալ դրական քայլերը, սակայն Անկարային կոնկրետ արդյունք է անհրաժեշտ:
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, Շվեդիայի նոր կառավարության դիրքորոշումն էապես բարելավվել է, և «Ստոկհոլմն ավելի անկեղծ է գործում ահաբեկչության դեմ պայքարում»:
Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած հարձակումից հետո Ֆինլանդիան և Շվեդիան որոշել են միանալ ՆԱՏՕ-ին:
Թուրքիան առարկություններ է ներկայացրել, պնդելով, որ նախ այդ երկրներում պետք է դադարեցվի քուրդ անջատականների և կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդների գործունեությունը: Անկարան Հելսինկիից և Ստոկհոլմից պահանջում է արտահանձնել Թուրքիայում ահաբեկչության գործերով մեղադրվող կասկածյալներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեդիայի վարչապետը ժամանել է ԱնկարաԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան չի շտապում հավանություն տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. ՆԱՏՕ-ում հակառակն են պնդում