Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը ոչնչացնելու ռուսների ռազմավարությունը նպատակին չի հասնի: Այդ մասին նա խոսել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում:
«Մենք հանդիպում ենք կրիտիկական պահի, երբ Ուկրաինան փորձում է ամրապնդել դիրքերը ռազմի դաշտում, իսկ {Ռուսաստանի նախագահ Վլադիմիր} Պուտինն իր զայրույթը թափում է Ուկրաինայի քաղաքացիական բնակչության վրա: Անցած շաբաթների ընթացքում Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգահամակարգի մեկ երրորդին», - ասել է Բլինքենը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխանցմամբ, միլիոնավոր մարդիկ հայտնվել են մթան և ցրտի պայմաններում:
«Ջեռուցում, ջուր, հոսանք երեխաների, տարեցների, հիվանդների համար՝ այդ ամենը Պուտինի թիրախ է»,- ասել է Բլինքենը:
Նրա համոզմամբ, այդ մարտավարությունը չի աշխատի: Արևմուտքը կշարունակի սատարել Ուկրաինային, իսկ Կիևը պայքարից չի հրաժարվի: