Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Շուշիի շրջանում:
«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննում է այս միջադեպը, նշվում է կառույցի տեղեկագրում:
Երեկ երեկոյան Պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակների և նռնականետի գործադրմամբ արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի պաշտպանության նախարարության երկու զինծառայող։ Հրադադարի խախտման մասին Ստեփանակերտը տեղեկացրել էր Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, «Ազատությանը» այսօր տեղեկացրել է Արցախի առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանը։