Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի թիմակիցներից մեկը՝ Ալեքսեյ Կուդրինը, լքում է երկրի հաշվիչ պալատի նախագահի պաշտոնը։
«Ընդհանուր առմամբ ես պետական կառավարման համակարգում աշխատել եմ շուրջ 25 տարի։ Այժմ ցանկանում եմ կենտրոնանալ մասնավոր նախաձեռնությունների զարգացման վրա, որոնք, սակայն, լուրջ ազդեցություն կարող են ունենալ մարդկանց կյանքի վրա։ Այդ իսկ պատճառով ես լքում եմ Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնը», - իր Տելեգրամ ալիքում գրել է Կուդրինը։
Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ Կուդրինը պատրաստվում է ղեկավար պաշտոն զբաղեցնել «Յանդեքս» ընկերությունում։
Ալեքսեյ Կուդրինը համարվում է վերջին տասնամյակների ամենափորձառու ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը։ Նա ավելի քան 10 տարի՝ 2000-ից 2011 թվականներին աշխատել է Ռուսաստանի ֆինանսների նախարար։ Այդ ընթացքում նա երկու անգամ՝ 2000-ից 2004 և 2007-2011 թվականներին համատեղել է ֆինանսների նախարարի և փոխվարչապետի պաշտոնները։