Քննչական կոմիտեն արդեն փորձաքննություններ է նշանակել՝ նույնականացնելու երեկ Կարմիր խաչի միջնորդությամբ Երևանին հանձնված 13 աճյունները:
Սեպտեմբերյան արյունալի մարտերից հետո անհետ կորած զինվորների ծնողներն արդեն երկուսուկես ամիս է՝ ամենուր իրենց զավակներին են փնտրում։ Մինչ փորձաքննությունների պատասխանները պատրաստ կլինեն, անհետ կորածներից մեկի ընտանիքում չի մարում հույսը, որ որդին այս ցանկում չի լինի. - «2-3 օրվա ընթացքում ԴՆԹ-ով ապացուցվի, որ էսինչյան էնինչն է, նոր ծնողներին զանգեն: Ուղղակի փորձեցի, ասացի, ճիշտ է, շատ դժվար է, բայց ժամ առաջ ես պատասխան իմանամ»:
Որդու հետ վերջին անգամ ծնողները սեպտեմբերի 15-ին էին խոսել, հետո՝ կապը կորել էր։ Կապանում էր ծառայում, ադրբեջանական հարձակումից հետո մնացել էր Ներքին Հանդում, որտեղ ադրբեջանական կողմն արգելում է որոնողական աշխատանքներ անել։
«Առաջին անգամ հանել են այդ դիրք ու ընդեղ ինքը հեռախոսով ասում է, որ «յաչեյկից 7-8 կմ աջ եմ եկել», ընդհանուր այսօր նայելով ու որ կպել ա Սրաշենի անտենային, այսինքն, Ներքին Հանդի վերևը ձորակ կա, որը տեղի բնակչությունն անվանում է Սոսենիների պուրակ, ըստ դրա հասկանում ենք, որ իրանք ճիշտ են եկել: Էդ մի փոքրիկ հատվածն է, որ կապ է տալիս հեռախոսին, մնացած տեղը չի տալիս: Ճիշտ են եկել, ուղղակի էն պահն է եղել, որ արդեն ադրբեջանական կողմը դիրքավորված է եղել», - պատմեց հայրը:
Վերջին անգամ Բաքուն հայ զինվորների աճյուններ էր փոխանցել մեկ ամիս առաջ՝ 10 մարինների ԴՆԹ փորձաքննություններն ավարտվել են, բոլորը նույնականացվել ու հուղարկավորվել են։ Դրանից հետո պաշտոնապես հայտարարվեց սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած 16 զինծառայողի մասին։ Երեկ 13 աճյունների փոխանցումից հետո Պաշտպանության նախարարությունը չի շտապում ասել՝ արդյոք 3 հոգի դեռ անհետ կորա՞ծ է։ Ռազմական գերատեսչությունից միայն փոխանցեցին, որ նոր փորձաքննություններից հետո հնարավոր կլինի հստակեցնել։
Անցած երկուսուկես ամիսների ընթացքում վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Բաքուն խոչընդոտում է որոնողական աշխատանքներին՝ անհետ կորածների հարցը դարձնելով մանր սակարկությունների առարկա։
«Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ ու ցավոտ խնդիր է: Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա», - հայտարարել է վարչապետը:
Հայաստանի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ չթույլատրող Բաքուն ինչպե՞ս համաձայնեց վերադարձնել զոհերի աճյունները։ Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է՝ միջազգային կառույցների հետ համագործակցության շնորհիվ:
«Պատկան մարմինները և պետական իշխանությունը հետևողական գնում է չլուծված հարցերի լուծման, այդքան բան: Նաև համապատասխան կառույցների աշխատանքի արդյունք է. Արտաքին գործերի նախարարությունն էլ անելիք է ունեցել, միջազգային հանրությունն էլ ինչ-որ անելիք է ունեցել, մեր համապատասխան կառույցներն ու ծառայություններն էլ, հետևողական իրենց աշխատանքի արդյունքում է եղել», - ընդգծեց Քոչարյանը:
Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում կարողացել էր առաջանալ մի քանի ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով, սեպտեմբերյան մարտերում հայկական կողմը առնվազն 211 զոհ ունի, նրանցից առնվազն 11-ը սպանվել են ադրբեջանական գերության մեջ։ Մարտերից հետո Բաքուն արդեն հայկական կողմին է վերադարձրել 156 զինծառայողի մարմին, հայրենադարձվել է 17 գերի: Ադրբեջանն, իր հերթին, հաղորդել էր իր կողմից 80 զոհի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին