Երեք օր առաջ բռնությամբ ավարտված միջադեպից հետո իրավապահները քննում են թե՛ վանաձորցի Ավետիսյանների, և թե՛ ոստիկանների արարքները։ Ուրբաթ օրը ծեծկռտուք էր եղել վարչապետի Տավուշ մեկնող ավտոշարասյան համար ճանապարհ բացող պարեկների և վանաձորցի Ավետիսյանների ընտանիքի անդամների միջև։ Իրավապահները հարուցված վարույթով քաղաքացիների արարքները որակել են որպես խուլիգանություն, ինչպես նաև միջամտություն պաշտոնատար անձի գործունեությանը՝ բռնություն գործադրելու միջոցով։ Իսկ ոստիկաններն, ըստ հարուցված մեկ այլ քրեական գործի, խոշտանգել են վանաձորցի Ավետիսյաններին, այդ թվում՝ նրանց անչափահաս որդուն։
Այսօր երեկոյան Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, «Օպելի» վարորդը «չի ենթարկվել ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ ու կայանել մոտակա բենզալցակայանում»: Այնուհետև, ըստ իրավապահների, վարչական իրավախախտումն արձանագրելիս այլ քաղաքացիներ են մոտեցել հայհոյել, հեղուկ ցողել ու հարվածել ոստիկանության աշխատակցին՝ ընդհուպ մետաղյա ձողերով։
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ որևէ նշում չկա ոստիկանների կողմից ուժի կամ արցունքաբեր գազի կիրառման մասին։ Պաշտոնապես հայտնել են միայն, որ երկու քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց դիմումի հիման վրա էլ հարուցել են երկրորդ քրեական վարույթը՝ քննության առնելով պարեկների գործողությունները։
Ռաֆիկ Ավետիսյանն ու նրա որդին՝ արդեն երրորդ օրը Վանաձորի բժշկական կենտրոնում բուժում ստացող Ռադիկ Ավետիսյանը պատմում են՝ մեքենայով բենզալցակայան էին մտնում, ընթացքն արագացնելու հրահանգ են ստացել պարեկներից։ Հաստատում են, որ առաջ գնալու փոխարեն ձախ են մտել, հատել վարչապետի ճանապարհը։ Բայց միաժամանակ պնդում են, թե շարասյունը չէր երևում, պաշտոնյային չեն խանգարել. - «Ընդեղից մի հատ պատրուլ ձեռքով՝ արա լը մի հատ կանգնի... անշնորհք ձևով, թե դրան դեսը բերեք, բերեք ստեղ, բան։ Ես կանգնեցի, ինքը մոտեցավ, մի քիչ հարմարացրի ավտոս ու իրան մոտեցա։ Ասի՝ ախպեր ջան, չես ամաչում, ես հորդ թայ մարդ եմ, էդ ինչ ձևի ես ինձ հետ խոսում։ Թե՝ հլա դու կտենաս, ու պատրուլներ կանչեց»։
Վեճի են բռնվել, դրան մեքենայում նստած որդին է խառնվել։ Թեժացող իրավիճակը հանդարտեցրել է պարեկներից մեկը՝ ներողություն խնդրել վարորդից։ Բայց հեռանալուց րոպեներ անց ոստիկանները վերադարձել են՝ իրենց հետ հաշիվներ մաքրելու համար։ Այստեղ արդեն գործը միջին ծանրության վնասվածքներին է հասել։
Ավետիսյանները պնդում են, որ անգամ իրենց 17-ամյա որդին է տուժել. - «Գալիս են հաշիվ մաքրելու, էն... գողական ռազբորկայով։ Բոլորը համազգեստով են ընլնում։ Դաժե իմ էրեխու քեռին գործի գնալուց մտնում ա էրեխուն հաջող անելու, քեռուն էլ են փչում գազը, ծեծում»։
«Ես ըտեղ ախպորս գործի տեղն եմ էղել ախպորս տղայի հետ։ Իջել են գազը ձեռներին, միանգամից քաշքշել ա էղել, ու գազը փչել են իմ էրեսին, ու տեսա էրեխուն ծեծում են։ Իրեք հոգով գազը փչին էրեխու վրա ու սկսին էրեխուն ծեծել։ Էրեխեն էլ պրոբլեմ ունի՝ ասթման, կարա գազից թունավորվի...», - պատմեց անչափահասի քեռին։
Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ միջադեպի օրը որևէ տուժած ոստիկան իրենց չի դիմել։ Իսկ հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող Ռադիկ Ավետիսյանը կրծքավանդակի 4 կողերի կոտրվածք ունի։
«Ներկա պահին վիճակը ստաբիլ է, ստանում է դեղորայքային բուժում», ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Հազրոյանը:
Այս պահի դրությամբ ոչ քաղաքացիներին, ոչ էլ պարեկներին մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանությունից «Ազատությանն» ասացին, որ նաև ծառայողական քննություն են սկսել՝ պարզելու պարեկների գործողությունների իրավաչափությունը։