Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը, RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
«Երկրորդն անվտանգությունն է։ Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հայության կյանքին վտանգ չսպառնա: Անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես իրենք՝ Արցախի բնակիչները, այնպես էլ մեր միջազգային գործընկերները՝ նկատի ունեմ և՛ խաղաղապահներին, և՛ ամբողջ միջազգային հանրությունը։ Որովհետև գործ ունենք նաև հումանիտար աղետի հետ, այլ ոչ միայն ռազմական: Եվ երրորդը, իհարկե, Արցախի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումն է», - ընդգծել է Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ դեռ 2018 թվականին, Հայաստանի ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ է նրան ասել, որ իրեն հուզող միակ թեման, որի համար պատրաստ է փոխել իր կենսակերպը, Արցախն է:
«Ես երբեք չեմ միջամտել նախորդ նախագահների քաղաքական գործունեությանը, հիմա ևս չեմ պատրաստվում միջամտել, բայց Արցախն ինձ համար կարմիր գիծ է...Ես մշտապես շատ հետևողականորեն ասել և հրապարակային հայտարարել եմ, որ Արցախն ինձ համար կարմիր գիծ է, և այս տեսանկյունից ես անթույլատրելի եմ համարում, որ հայկական էլիտան պարզապես հետևի, թե ինչ է տեղի ունենում Արցախում և ոչինչ չանի։ ...Որոշումը, որ պետք է ինչ-որ բան անել, կայացվեց շատ տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում։ Որոշակի փուլում մենք հասկացանք, որ ժամանակն է որոշում կայացնելու․ կամ դու՝ որպես մարդ, ով պատրաստ է պատասխանատվություն կրել ոչ միայն իր, իր ընտանիքի, այլ նաև իր ազգի համար, ընդունում ես դա և գնում այդ քայլին, կամ ոչ», - ընդգծել է պետնախարարը:
Պատասխանելով ռազմական գործողությունների դադարեցման մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ պետք է գիտակցել, որ այս 30 տարվա ընթացքում տարբեր փուլեր են եղել. «Այս իմաստով, եթե մենք ողջ ընթացքում շարունակում ենք ռազմական հռետորաբանությունը, դա փակուղի է, քանի որ պարբերաբար այս կամ այն երկրում ի հայտ են գալու դրական կամ բացասական հանգամանքներ...Եթե Ադրբեջանը նավթ չունենար, եթե Թուրքիան չորոշեր պատերազմում ներգրավվել այն ծավալով, որով ներգրավված էր, և բազմաթիվ այլ հանգամանքներ... Հիմա մի իրավիճակ է, վաղը ստեղծվելու է մեկ այլ իրավիճակ, և այդպես մենք անվերջ պատերազմելու ենք: Մենք պետք է մտածենք այն մասին, որ այսպես չի կարող անվերջ շարունակվել: Կարծում եմ՝ նաև ադրբեջանցի մայրերը չեն ուզում, որ նորից պատերազմ լինի, ու իրենց որդիները զոհվեն»:
Անդրադառնալով Թուրքիայի դերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Թուրքիան միջնորդ չէ, այն հակամարտության կողմ է, դաշնակից ու դա չի էլ թաքցնում. «Բայց կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ «ես ակտիվ մասնակից եմ», ոչ միայն Հայաստանին դուր չի գալիս, այլ նաև Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ բոլորին է դուր գալիս, որ Թուրքիան այսքան ակտիվ և ագրեսիվ միջամտում է Ադրբեջանի ղեկավարության գործունեությանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար