"БелТА" բելառուսական լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր հանկարծամահ է եղել Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:
«Շատ անսպասելի էր», - ասել է Բելառուսի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Անատոլի Գլազը:
Ըստ բելառուսական լրատվամիջոցների, որևէ տեղեկություն կամ ինչ-որ ազդանշան նախարարի հիվանդության մասին չի եղել:
Մակեյը 64 տարեկան էր: Դեռ օրեր առաջ նա Բելառուսի պատվիրակության կազմում այցելել էր Երևան և մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, իսկ դրա նախօրեին հանդիպել էր Վատիկանի պատվիրակին:
Բելառուսի նախագան Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Վլադիմիր Մակեյի ընտանիքին:
Մակեյը ժամանակին զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականից նշանակվել է արտաքին գործերի նախարար:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե «Մոսկվայում բոլորին ցնցել է Մակեյի մահվան լուրը»:
Արևմտյան երկրներից Մակեյի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Կանադան, մինչդեռ Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունն այդ քայլին չեն դիմել: