Այս տարվա գարնանը լրացավ բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, Հայաստանում և արտերկրում մի շարք գրական մրցանակների արժանացած, Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը, որը հոբելյարի իսկ որոշմամբ նշվեց սեպտեմբերին Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում, հետո՝ Մանկավարժական համալսարանում, իսկ երեկ էլ՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում։
Մինչ հոբելյանական հանդիսության մեկնարկը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Բաբկեն Սիմոնյանն ասաց նաև, որ մեկ հոբելյանական հանդիսություն էլ տեղի է ունեցել Սերբիայում: «Սերբիայում այս տարի լույս տեսավ իմ երկլեզու ժողովածուն բանաստեղծությունների՝ հայերեն, սերբերեն, ես հրավիրված էի մասնակցելու պոեզիայի փառատոնին, և փառատոնի ընթացքում ես առանձին հատուկ օր ունեցա, որտեղ ընթերցեցի իմ բանաստեղծությունները: Եվ պետք է ասեմ՝ հրաշալի ընդունվեց, ես շատ գոհ եմ իմ այցելությունից Սերբիա», - պատմեց Սիմոնյանը՝ նշելով, որ ժողովածուն կոչվում էր «Աղոթք». - «Սերբիայում է հրատարակվել, նոր բանաստեղծություններ կան գրքում բավականին: Եվ պետք է ասեմ, որ շատ գրաքննադատներ՝ և՛ Սերբիայում, և՛ Հայաստանում, կարդալով գիրքը՝ ասել են, որ ամբողջ ժողովածուն աղոթք է»:
«Որովհետև այդ աղոթքը եթե մեզանում չկա, մնացածը սուտ է: Կարծում եմ, որ պետք է մարդը այնքան ինչ-որ բան ունենա իր մեջ, հավատարիմ մի բան ունենա Բարձյալի հանդեպ և իր ժողովրդի ապագային հավատա, որ պետք է աղոթքով դիմի Աստծուն», - ասաց բանաստեղծը:
Գրողի համար հոբելյանական տարին նշանավորվում է, իհարկե, նաև այդպիսի հանդիպումներով, բայց առաջին հերթին՝ գրքով, ընդգծեց Բաբկեն Սիմոնյանը. - «Գրողի ամենամեծ երջանկությունը՝ երբ որ նա իր գրական խոսքը գրքի է վերածում, երբ որ այդ գրական խոսքը հաղորդում է իր ընթերցողին, որովհետև գրողը պետք է ընթերցող ունենա: Փառք Աստծո, ես ընթերցողներ ունեմ և շատ լայն ընթերցողների շրջանակ ունեմ, և ես ուրախ եմ, որ նոր գրքերով եմ հանրությանը ներկայանում, որովհետև միշտ ասելիք ունեմ»:
«Գրողը պետք է միշտ ժողովրդի կողքին լինի, իր ժողովրդի խոսնակն է: Այն, ինչ ժողովուրդը ասել չի կարողանում, գրողը ժողովրդի կողմից իր լեզվով է ասում», - նշեց բանաստեղծը:
«Աղոթք» ժողովածուն լույս է տեսել Սերբիայում, իսկ Հայաստանում այս տարի Սիմոնյանի թարգմանությամբ մի գիրք է լույս տեսել՝ 19-րդ դարի սերբ արքեպիսկոպոսի, քահանայապետի, Չեռնոգորիայի տիրակալ Պետր Պետրովիչ Նյեգոշի «Դարից թանկ գիշերը». - «Որը փայլուն ստեղծագործություն է, ես դա տարիներ շարունակ աշխատել եմ, հղկել եմ, մշակել եմ, և վերջապես այդ թարգմանությունը տպագրվել է առանձին գրքով երկլեզու և ադամանդի պես շողում է: Եվ ես ուրախ եմ, որ դա լույս է տեսել, որովհետև համարում եմ իմ ամբողջ 45-ամյա թարգմանական գործունեության պսակը այդ ստեղծագործության թարգմանությունը»:
Բաբկեն Սիմոնյանը 13 բանաստեղծական և մի շարք թարգմանական ժողովածուների, հարյուրավոր գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Առաջիկայում պատրաստվում է հրատարակել ևս երեք գիրք:
«Իմ առաջին գրքերից մեկը լինելու է իմ ամբողջ հյուպատոսական գործունեությունը, որը ես օրագրության ժանրով գրքի եմ վերածել, կոչվելու է «Հյուպատոսական գրառումներ»: Դա արձակ է, օրագրության ժանրով գրված իմ ամբողջ գործունեությունն է՝ որպես պատվո հյուպատոս Հայաստանում Սերբիայի», - ասաց Սիմոնյանը՝ շարունակելով. - «Բանաստեղծական ժողովածու՝ ես հիմա պատրաստում եմ իմ առաջին գիրքը, հաջորդ տարի լույս կտեսնի՝ ռուսերենով, թարգմանաբար ռուսերեն, առաջին անգամ. ռուսերեն շատ եմ տպագրվել "Литературная Армения" ամսագրում, բայց առանձին գրքով սա առաջին գիրքն է լինելու, որը ես նվիրում եմ մորս հիշատակին՝ նրա ծննդյան 100-ամյակի առիթով»:
Դառնալով այս բարդ ժամանակներում գրողի դերին՝ Բաբկեն Սիմոնյանը համաձայնեց, որ կա պասիվություն, և շարունակեց. - «Կարծում եմ, որ գրողը պասիվ չպետք է լինի, գրողը առաջին հերթին այն մարդն է, որ երբեք նրա բերանը չպետք է ոչ ոք կարողանա փակել՝ անընդհատ պետք է խոսի, անընդհատ պետք է գրի, անընդհատ պետք է ասի»: Անձամբ ինքը, հավատացրեց բանաստեղծը, «այլախոհ տեսակ է»:
«Գրողներ, շատ գրողներ կան, ես անուններ չեմ ուզում տալ, բայց կան գրողներ, որոնց համար հարմարվողականությունը օրվա բան է դարձել, ապրելաձև է դարձել: Ես հարմարվող տեսակ չեմ, ես ընդվզող տեսակ եմ և կարծում եմ, որ ընդվզող տեսակն է ճիշտը, որ ընդվզող տեսակն է, որ ժողովրդի ոգին ամուր է պահում», - շեշտեց Բաբկեն Սիմոնյանը:
«Ցավոք, ընթերցողների թիվը նվազել է, բայց միաժամանակ պետք է ասեմ, որ մենք այն ժողովուրդն ենք, որ համոզված եմ՝ գիրքը նորից վերադառնալու է, մեր ձեռքերում է լինելու անպայման: Որովհետև գիրքը բոլոր ժամանակներում մեզ կործանումից, ոչնչացումից փրկել է՝ մեր գիրը և մեր գիրքը: Առանց գրքի մենք չենք կարող գոյատևել, առանց գրավոր խոսքի», - ամփոփեց բանաստեղծը: