Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պաշտոնամուտի արարողությունը:
Տոկաևը նոյեմբերի 20-ի արտահերթ ընտրություններում ստացել է քվեների ավելլի քան 81.3 տոկոսը և լրամշակված Սահմանադրության համաձայն վերընտրվել է 7 տարի ժամկետով:
Ղազախստանի նախագահի պաշտոնը վերստին ստանձնելուց հետո նա առաջին արտասահմանյան այցով կմեկնի Ռուսաստան՝ Ղազախստանի սահմանից ոչ հեռու գտնվող Օրենբուրգ, որտեղ կհանդիպի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
Ղազախստանում արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 64 տոկոսը:
ԵԱՀԿ դիտորդները նշել են, որ Ղազախստանում հարկ է բարելավել Ընտրական օրենսգիրքը և միջոցներ ձեռնարկել նախընտրական արշավներում իրական բազմակարծություն երաշխավորելու համար:
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարարել է, թե «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությունը չունի օբյեկտիվություն և կասկածի տակ է դնում այդ կարևոր կառույցի աշխատանքի արդյունավետությունը»:
Եվրամիությունը հայտարարել է, որ կշարունակի համագործակցել Ղազախստանի հետ՝ Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրով, և կաջակցի այդ երկրի կարևոր բարեփոխումներին:
Տոկաևը 20 միլիոնանոց Ղազախստանում առաջին անգամ նախագահ է ընտրվել 2019 թվականին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընտրությունների վերջնական արդյունքներով՝ Տոկաևը վերընտրվեց Ղազախստանի նախագահ