Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Նուրլան Շակիևը հայտարարել է, որ պետական լեզուն զարգացնելու հանրապետության իշխանությունների ծրագրի շրջանակում անհրաժեշտ է անհապաղ հրաժարվել մայրաքաղաք Բիշքեկի թաղամասերի ռուսերեն անվանումներից և դրանց փոխարեն ընտրել ղրղըզերեն անվանումներ:
Այդ մասին նա հայտարարել է Ղրղըզստանի Համաժողովրդական կուրուլտայում՝ Կոնգրեսում:
«Պետք է անհապաղ վերանվանել Բիշքեկի բոլոր շրջանների անվանումները: Առայսօր Ղրղըզստանում որոշ բնակավայրեր կրում են օտար անուններ», - ասել է Շակիևը:
Նրա խոսքով, պետական լեզվի զարգացման ծրագիրը չի հաջողվել իրականացնել ողջ ծավալով:
Բիշքեկում այսօրվա դրությամբ կան Լենինսկի, Պերվոմայսկի, Օկտյաբրսկի և Սվերդլովսկի շրջանները:
Ղրղըզերենը հանրապետությունում ունի պետական լեզվի կարգավիճակ, իսկ ռուսերենը հայտարարվել է պաշտոնական լեզու:
Այսօրվա դրությամբ ղրղըզերենը լայն կիրառում ունի երկրի գրեթե բոլոր շրջաններում, բացառություն են կազմում մայրաքաղաք Բիշքեկը, Չույի և Իսիկ Կուլի մարզերը: