BBC ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ, Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորակոչի մասին հրամանագրի հրապարակումից ի վեր Ուկրաինայում մարտական գործողություններում, ինչպես նաև ռազմաճակատ ուղարկվելուց առաջ զոհվել կամ մահացել են առնվազն 326 ռուսաստանցի զորակոչիկներ:
Նրանցից 290-ը զոհվել են բուն ռազմական գործողություններում, ևս 36-ը մահացել են Ռուսաստանի տարածքում՝ զորակոչի կենտրոններում, զինկոմիսարիատներում կամ զորամասերում: Նրանց մահվան հիմնական պատճառներ են դարձել սրտային հիվանդությունները, դժբախտ պատահարները և ալկոհոլի օգտագործումը:
BBC ռադիոկայանի ռուսական ծառայությունը ճշտել է 326 մահացածների անուն-ազգանունները:
Ենթադրվում է, որ զորակոչիկների շրջանում զոհվածների կամ ոչ մարտական պայմաններում մահացածների իրական թիվն ավելի մեծ է: Քանի որ հոկտեմբերից սկսված Ուկրաինայում զոհվածների կարգավիճակը չի նշվում, ուստի հայտնի չէ, զոհվածը պայմանագրային զինծառայող էր, ժամկետային, կամավոր, թե վերջին հրամանագրով զորակոչված:
BBC-ն և «Մեդիազոնա» կայքը կատարել են համատեղ հետազոտություն, որի համաձայն, նոյեմբերի 25-ի դրությամբ հաստատված են Ուկրաինայոիմ զոհված 9 հազար 311 ռուսաստանցի սպաների և զինվորների անուն-ազգանունները: