Արցախի ներքին գործերի նախարարությունը կրկին հաղորդում է Մարտունու և Մարտակերտի շրջաններում սահմանային խախտումների մասին, որոնց թիրախում, ըստ ՆԳՆ-ի, խաղաղ բնակչությունն է։
Ստեփանակերտը հայտնում է, որ այսօր ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Ըստ ՆԳՆ-ի, առավոտյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի խաղաղ բնակչության ուղղությամբ՝ խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:
Փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին, ասված է հաղորդագրությունում:
Բաքուն դեռ չի արձագանքել այս հաղորդմանը, սակայն այսօր ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակին մեղադրել է ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Արցախի ՊԲ-ն հերքել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ՊԲ-ը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին հաղորդումը