ՌԴ ՊՆ-ն հաստատել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Նոյեմբերի 24-ին հրապարակած տեղեկագրում ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը հաստատել է Մաղավուզում (գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում) ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, տեղեկացնելով, որ ռուսաստանյան խաղաղապահ ուժերի հրամանատարությունը կողմերի հետ պարզում է տեղի ունեցածը։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Մաղավուզի շրջանում։ Միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացնում», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Միջադեպի մասին ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը մանրամասներ չի ներկայացնում: Հաղորդագրությունից պարզ չէ նաև, թե որ օրն է Բաքուն խախտել հրադադարի ռեժիմը։

Վերջին մեկ ամսվա մեջ կողմերը շարունակաբար մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմ խախտելու համար։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնական Ստեփանակերտը առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչության ուղղությամբ՝ Սարուշեն, Հացի, Մաճկալաշեն գյուղերում:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ