Քաթարում երկրորդ մեծ սենսացիան. Ճապոնիան 2-1 հաշվով հաղթեց Գերմանիային

Ճապոնացիները տոնում են աննախադեպ հաղթանակը, «Խալիֆա» մարզադաշտ, Դոհա, Քաթար, 23 նոյեմբերի, 2022թ.

Քաթարում ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության E խմբում Գերմանիա-Ճապոնիա հանդիպմամբ գրանցվեց աննախադեպ նոր սենսացիա՝ հզոր «մայնշաֆթը» պարտվեց 1-2 հաշվով:

Առաջին խաղակեսի 33-րդ րոպեին Իլքեյ Գյունդոգանն անվրեպ իրականացրեց 11-մետրանոցը՝ 1-0 հօգուտ Գերմանիայի ընտրանու:

Երկրորդ խաղակեսի 75-րդ րոպեին Ռիցու Դոան հավասարեցրեց հաշիվն, ապա Տակումա Ասանոն 83-րդ րոպեից առաջ մղեց «Ծագող արևի երկրի» թիմին՝ 2-1:

Հանս Ֆլիքի ղեկավարած ֆուտբոլիստներն ամբողջ թիմով նետվեցին գրոհների, բայց ապարդյուն:

Այդպիսով չորս անգամ աշխարհի չեմպիոն դարձած, չորս անգամ երկրորդ և մեկ անգամ էլ երրորդ տեղը գրաված գերհզոր Գերմանիան պարտվեց:

Այսօր E խմբում Իսպանիայի հավաքականը 7-0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Կոստա Ռիկայի թիմին: Դա առայժմ ամենախոշոր հաշիվն է, որը գրանցվել է Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

F խմբում այսօր տեղի ունեցած Մարոկկոյի և Խորվաթիայի ընտրանիների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0:

Այսօր այդ խմբում Բելգիայի թիմը 1-0 հաշվով առավելության հասավ Կանադայի հավաքականի նկատմամբ:

Առաջին սենսացիան Քաթարում երեկ է տեղի ունեցել՝ Արգենտինայի ընտրանին 1-2 հաշվով զիջել է Սաուդյան Արաբիայի թիմին:

Նոյեմբերի 24-ին G խմբում տեղի կունենան Շվեյցարիա-Կամերուն և Բրազիլիա-Սերբիա, իսկ H խմբում՝ Հարավային Կորեա-Ուրուգվայ և Պորտուգալիա-Գանա հանդիպումները: