Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Դավուդ Ջաֆարին: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով էլիտար ստորաբաժանման պաշտոնական հաղորդագրությունը։
Սիրիայում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի մահվան համար Թեհրանը մեղադրում է Իսրայելին:
«Հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ավագ սպա, գնդապետ Դավուդ Ջաֆարին, ով Սիրիայում ռազմական խորհրդական էր աշխատում, երեքշաբթի առավոտյան զոհվել է Դամասկոսի մոտ ռումբի պայթյունի հետևանքով, որն իրականացրել են Իսրայելի գործակալները», - ըստ իրանական լրատվամիջոցների՝ ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Էլիտար ռազմական կառույցը հայտարարել է, որ Իսրայելը «պատասխան կտա այդ հանցագործության համար»։