Վրաց Պատրիարքը շնորհավորել է Ռուսիո Պատրիարքին ծննդյան օրվա առթիվ

Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդ, արխիվ

Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում Վրաստանի հոգևոր առաջնորդը խոսում է «դժվարին ժամանակների», Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հույսի մասին:

«Այս դժվարին պահերին մաղթում ենք Ձեզ առողջություն և Աստծո բոլոր օրհնությունները։ Մաղթում ենք նաև, որ Ձեր և ընդհանուր ջանքերով որքան հնարավոր է շուտ վերականգնվի Ռուսաստանի և Ուկրաինայի, մեր պետությունների միջև արդարությունն ու խաղաղությունը։ Թող Տերը օրհնի քեզ և քո հոտը», - ասվում է Իլյա երկրորդի ուղերձում:

Նոյեմբերի 20-ին լրացավ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի ծննդյան 76-ամյակը:

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո Պատրիարք Կիրիլը հայտարարել էր, որ ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ են, և որ հակամարտությունը հրահրվել է արտաքին ուժերի կողմից՝ Ռուսաստանին թուլացնելու նպատակով։

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի դեմ արևմտյան մի շարք երկրներ՝ այդ թվում Մեծ Բրիտանիան և Կանադան պատժամիջոցներ են սահմանել, Եվրամիության նման առաջարկը մերժվեց դաշինքի անդամ Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը պնդել է, թե եկեղեցու առաջնորդի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կրոնական ազատության խախտում է։