Պուտինի 1-ին այցը Հայաստան
Պուտինն առաջին անգամ Հայաստան ժամանեց Ռուսաստանի վարչապետի պաշտոնում՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 3 օր անց։ Նրան դիմավորեց ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։
«Բոլոր նրանք, ովքեր զոհվել են ահաբեկիչների ձեռքով, Ռուսաստանի ընկերներն էին», - հայտարարեց Պուտինը լրագրողների հետ զրույցում։
Պուտինի 2-րդ այցը Հայաստան
Ռուսաստանի նախագահի կարգավիճակով Պուտինն առաջին անգամ Հայաստան այցելեց 2001 թվականի մայիսի 24-ին՝ մասնակցելու ՀԱՊԿ նիստին։ Մինչ այդ նա արդեն եղել էր Բաքվում։
Ըստ Կրեմլի՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը քննարկվել էին երկկողմ համագործակցության հարցեր, ղարաբաղյան խնդիրը:
Պուտինի 3-րդ այցը Հայաստան
Նույն տարում՝ 4 ամիս անց`2001 թվականի սեպտեմբերի 14-ին Պուտինը կրկին Հայաստանում էր արդեն պաշտոնական այցով, բայց եղան նաև ոչ պաշտոնական հանդիպումներ Սևանի նախագահական ամառանոցում։
Պուտինը նաև ԵՊՀ Պատվավոր դոկտորի կոչում ստացավ ու ոսկե մեդալ։ «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, հատկապես հաճելի է ոչ մի բանի համար ստանալ այսպիսի կոչում», - ասաց Ռուսաստանի նախագահը։
Ստորագրվեց տնտեսական համագործակցության պայմանագիր՝ անշրջելի դարձնելով «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որով Հայաստանը շուրջ 100 մլն դոլարի պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց 5 խոշոր ձեռնարկություն:
Համատեղ ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն հայտարարեց. - «Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ այս առաջարկը մեր կողմից է եղել, որևէ մեկը չի փորձում մեզ այս առումով որևէ բան պարտադրել»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն էլ զգուշացրեց, որ ռուսական ռազմաբազաները երկար են մնալու Հայաստանում։
«Մենք կցանկանայինք, որ ռուս զինծառայողներն այստեղ իրենց հանգիստ զգան», - ասաց Սերգեյ Իվանովը։
Պուտինի 4-րդ այցը Հայաստան
4 տարվա դադարից հետո Պուտինը կնոջ հետ է այցելում Երևան՝ բացելու Հայաստանում Ռուսաստանի տարին։
Տնտեսական համագործակցությունից բացի Պուտինը խոստացավ նաև նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։
«Ամեն կերպ նպաստելու ենք այս հակամարտության լուծմանը՝ մեր բոլոր գործընկերների հետ միասին, հույս ունենանք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպման ու բանակցությունների»,- նախագահականում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Պուտինը։
Պուտինի 5-րդ այցը Հայաստան
8 տարի անց`2013-դեկտեմբերի2-ին հերթական այցին Պուտինին Երևանում պաստառներով ու բոյկոտով դիմավորեցին։
Ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ հայտարարեց, թե ակցիաներին «մոտենում է փիլիսոփայորեն»։
Գյումրիում Պուտինին սպասում էին կարմիր գորգով ու արհեստական խոտածածկով։ «Ազատության» հետ զրույցում գյումրեցիներից շատերը այդ օրերին խոստովանում էին, թե «պապայի գալուստին» են սպասում։
«Տո պապա էլ կըսեն, պապ էլ կըսեն, որովհետև ինքը մեր փրկարարն է»։
«Մի քիչ չար պապա է, ոնց որ Ռուսաստանի կազմի մեջ լինենք, ամեն ինչը գրավել են, լույս է, գազ է», - ասում էին գյումրեցիները։
Այդ օրերին ստորագրվեց «գազային պայմանագիրը», որով Հայաստանը «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը փոխանցեց ռուսական կողմին։ Պուտինն էլ հայտարարեց՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ արագացնի Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը։
«Չեմ թաքցնի՝ ի զարմանս մեզ, հայկական կողմը գործում է շատ եռանդուն և ցույց է տալիս պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, ինչը, անկեղծ ասած, մեզ դնում է որոշակի ծանր դրության մեջ: Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետևից», - ասաց Ռուսաստանի նախագահը։
Պուտինի 6-րդ այցը Հայաստան
2015 թվականի ապրիլի 24-ին Պուտինը Երևան ժամանեց՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Այդ բառը օգտագործեց մեկ անգամ`միջազգային կոնվենցիան հիշատակելիս։
«Մարդկանց զանգվածային սպանություններին ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել։ Համաշխարհային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ անցյալի ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն», - ասաց Ռուսաստանի նախագահը։
Պուտինի 7-րդ այցը Հայաստան
Սա Պուտինի այցերից ամենակարճատևն էր։ Նա մասնակցեց ՀԱՊԿ վեհաժողովին ու մեկնեց՝ առանց որևէ հայտարարության։
Պուտինի 8-րդ այցը Հայաստան
2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո Պուտինն առաջին անգամ ժամանեց Երևան 2019-ի հոկտեմբերի 1-ին՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Փաշինյանի հետ հանդիպմանը նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի նորընտիր վարչապետին՝ արդյունավետ աշխատանքի համար. - «Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար»։
Նույն օրը Պուտինը նաև Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ էր հանդիպել։ Քոչարյանն այդ ժամանակ կալանավայրում էր`մարտի 1-ի գործով։
9-րդ այց
Այսօր Պուտինն 9-րդ անգամ է ժամանում Երևան՝ 44-օրյա պատերազմից հետո՝ առաջին անգամ։
Your browser doesn’t support HTML5