Հայկ Խանումյանը մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո թողնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը, հայտնել է նա ֆեյսբուքյան գրառմամբ:
«Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի», - նշել է նա:
Միաժամանակ Խանումյանը, շեշտելով, որ կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է, բոլորին աջակցության կոչ է արել. «Արցախի կառավարության ձախողումը անկախ կազմից կարող է ճակատագրական լինել ամբողջ հայության համար»:
Խանումյանը, որին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական անփութության համար, գրել է նաև, որ աշխատել են առանց ուշադրություն դարձնելու «անարդար թիրախավորմանը, նախարարի ու նախարարության դեմ կազմակերպված արշավներին, իրենց պետական ինստիտուտների տեղ դրած թայֆաների կողմից ստեղծված շինծու քրեական գործերին»:
Պատերազմից հետո Արցախի իրավապահները սկսեցին քննել, թե արդյո՞ք Խանումյանի ղեկավարած գերատեսչությունը պատշաճ է վերահսկել տուն ու տեղ կորցրած անօթևաններին ժամանակավոր կացարան տրամադրելու, նրանց սնունդ մատակարարելու գործընթացները։
Արցախում կադրային փոփոխություններ են. Ռուբեն Վարդանյանը վերջերս նշանակվել է պետական նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արտակ Բեգլարյանին: