Ռուսաստանը հրավիրված չէ Մյունխենի անվտանգության առաջիկա համաժողովին

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները Մյունխենի անվտանգության համաժողովում, արխիվ, 19 փետրարի, 2022թ.

Ռուսաստանը չի մասնակցի Մյունխենի անվտանգության 2023 թվականի համաժողովին: Այն տեղի է ունենում ամեն տարի փետրվարին:

«Ռուսաստանի պաշտոնատար անձինք հրավիրված չեն 2023 թվականի կոնֆերանսին: Մենք նրանց չենք տրամադրի իրենց պրոպագանդան տարածելու հարթակ: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի ապագան քննարկել ռուսաստանյան ընդդիմության և վտարանդի գործիչների հետ, նրանց ձայնը պետք է լսելի դարձնել»,- Թվիթերի էջում գրել է համաժողովի նախագահ Կրիստոֆ Հոյսգենը:

Մյունխենի անվտանգության համաժողովը համարվում է միջազգային անվտանգության հարցերով ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը: Դրան մասնակցում են պետությունների ղեկավարներ, նախարարներ, անվանի քաղաքական և հասարակական գործիչներ մի քանի տասնյակ երկրներից:

Համաժողովի կազմակերպիչները Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա որակել են որպես «շրջադարձային պահ, որը ոչ միայն մեծ տառապանքներ է բերել ուկրաինացիներին, այլև սրել է ճգնաժամն աշխարհի տարբեր երկրներում»:

2007 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում:

Արևմուտքում խիստ բացասական գնահատականի արժանացած ելույթում Պուտինը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների և արևմտյան մնացած երկրների քաղաքականությունը և պնդել է, որ Արևմուտքը փորձում է միաբևեռ աշխարհ ստեղծել և Ռուսաստանի համար վտանգ է անվանել ՆԱՏՕ-ի ընդարձակումը:

Նրա այդ ելույթը դիտվել է որպես Արևմուտքին մարտահրավեր նետելու և աշխարհքաղաքական հեռու գնացող այլ մտադրությունների վկայություն: