Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները այսօր կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, հայտնում է Արցախի ոստիկանությունը:
Ըստ հաղորդման՝ կրակոցներն արձակվել են Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս: Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է:
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ադրբեջանական կողմը նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ կրկին կրակ էր բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան, ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ: Փաստերը փոխանցվել են խաղաղապահ զորակազմին:
Մինչդեռ Բաքուն իր հերթին օրեր շարունակ հայկական կողմերին է մեղադրում հրադադարի ռեժիմի խախտման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մաճկալաշենից ու Սարուշենից ահազանգում են՝ ադրբեջանցիներն աշնանացանն են խոչընդոտում