Թեհրանը «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված» է անվանել ԱԷՄԳ-ի ընդունած բանաձևը

ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Նասեր Քանանին, արխիվ, Թեհրան:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչությունը «հակաիրանական» և «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված» է անվանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հաստատված բանաձևը:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Նասեր Քանանին ասել է, թե Թեհրանն ակնկալում է, որ ԱԷՄԳ-ն կխուսափի քաղաքական գործողություններից և կստեղծի Իրանի և այդ կազմակերպության միջև կառուցողական համագործակցության պայմաններ, ինչը կընձեռի դրական արդյունքի հասնելու հնարավորություն:

«Ինչպես Իրանը մշտապես նշում է, բանակցային գործընթացը չավարտելու և միջուկային գործարքը չվերականգնելու պատճառը Միացյալ Նահանգների կողմից քաղաքական կամքի բացակայությունն է: Եթե այն լինի, բանակցող կողմերը կկարողանան շատ կարճ ժամանակամիջոցում ավարտել գործընթացը և վերականգնել պայմանագիրը»,- ասել է Քանանին:

Անցած շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդն ընդունել է Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կազմած բանաձևի նախագիծը, որով Թեհրանին կոչ է արել համագործակցել ԱԷՄԳ-ի փորձագետների հետ, ովքեր ուրանի հետքեր են հայտնաբերել իրանական մի շարք կենտրոններում:

Թեհրանը հերքել է մեղադրանքը և հայտարարել է, թե «արևմտյան երկրները փորձում են խոչընդոտել Իրանի և ԱԷՄԳ-ի համագործակցությունը»:

Բանակցային գործընթացի նպատակն է ինչ-որ ձևաչափով վերականգնել 2015 թվականի միջուկային պայմանագիրը, որով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ակտիվությունը և, մասնավորապես, կրճատել ուրանի հարստացումը:

Միջազգային համայնքը պետք է ի պատասխան դրան աստիճանաբար թուլացներ Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

2018 թվականին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի չեղարկել է պայմանագիրը: Նրան նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենն ասել է, թե այն նպատակահարմար է վերականգնել: