Չինաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են ընդարձակել երկխոսությունը, աշխատել տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ և ամրապնդել ճգնաժամային իրավիճակները կարգավորելու մեխանիզմը:
«Չինաստանը որևէ կերպ պատասխանատվություն չի կրում չին-ամերիկյան կապերի ներկայիս վիճակի համար: Հիմնական պատճառը Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որը հիմնված է ռազմավարական սխալ հաշվարկի վրա», - ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Տան Կեֆեին:
Նախարարներ Լլոյդ Օսթինը և Վեյ Ֆենգեն հանդիպել են Կամբոջայում՝ Սիեմրապ ավանում գումարված Հարավարևելյան Ասիայի պետությունների գագաթնաժողովի շրջանակներում:
Հանդիպումից հետո Չինաստանի պաշտպանական գերատեսչության խոսնակը նշել է, որ Չինաստանը պատրաստ է զարգացնել երկկողմ հարաբերությունները, «սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները հարգանքով ըմբռնի Չինաստանի շահերը և մտահոգությունները»:
Ամերիկյան կողմն «օգտակար և պրոֆեսիոնալ» է որակել մեկևկես ժամ տևած հանդիպումը և նշել է, որ հարկ է բարելավել ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության հնարավորությունները:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել «Չինաստանի օդուժի վտանգավոր գործելակերպի» կապակցությամբ:
Նախարարներ Լլոյդ Օսթինը և Վեյ Ֆենգեն Սիեմրապում մանրամասն անդրադարձել են նաև Թայվանի խնդրին: