Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC -ի հետ զրույցում հայտարարել է, թե մտադիր չէ համաներում շնորհել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ նման որոշումը կարող է երկրում նոր «բևեռացման» հանգեցնել։
Միևնույն ժամանակ Զուրաբիշվիլին ասել է, թե չի ցանկանում, որպեսզի Սաակաշվիլին բանտում մահանա։
«Ես՝ որպես պետության ղեկավար, չեմ ցանկանում, որպեսզի նախկին նախագահը բանտում մահանա կամ տուժի անդառնալի հետևանքներից։ Դրա համար ես շատ ուշադիր հետևում են բժշկական եզրակացություններին», - ասել է Վրաստանի նախագահը։
Խոսելով Սաակաշվիլիի հնարավոր համաներման մասին՝ նախագահ Զուրաբիշվիլին ասել է, որ այս պահին նման լիազորություններ չունի։ Վրաստանի նախագահի խոսքերով՝ Սաակաշվիլիի դեմ դատական գործընթացները շարունակվում են, և վրացական օրենսդրության համաձայն՝ համաներումը կարող է շնորհվել միայն բոլոր ընթացակարգերի ավարտից հետո:
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է անժամկետ բողոքի ցույցի նախապատրաստման մասին՝ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր ուղարկելու պահանջով:
2021 թվականի հոկտեմբերից անազատության մեջ գտնվող Սաակաշվիլին երկարաժամկետ հացադուլից հետո այս տարվա մայիսին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Նրա փաստաբաններն ու կուսակիցներն ահազանգում են քաղաքական գործչի առողջության վատթարացման մասին՝ պահանջելով Սաակաշվիլիին արտասահմանում բուժում անցնելու հնարավորություն տալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլիի մոտ տուբերկուլյոզ և դեմենցիա է ախտորոշվել