Պալյան Պողոսյանի 2 քույրերը բանակում մահացած եղբոր 20-ամյակի տորթը նրա շիրիմի մոտ՝ Ազատանի զինվորական պանթեոնում կտրեցին։ Շարքային զինվորը, որ գարնանը պիտի զորացրվեր, այս հուլիսին դիրքում բռնկված հրդեհից ծանր այրվածքներ էր ստացել, ապա տասն օր անց հիվանդանոցում մահացել։
Հարազատների վիշտն ավելի է բորբոքվում այն փաստից, որ 5 ամիս ընթացող նախաքննությունից իրենց ոչինչ հայտնի չէ։ «Գործի քննությունից ոչինչ չկա, ոչ մի տեղեկություն չունենք։ Եթե ես գիտենամ, որ պատերազմի դաշտում զոհված էղնի, մի կերպ ես էս ամեն ինչին կհաշվիմ, բայց... ես տվել եմ, զինվոր եմ տվել, տարել են ու էս վիճակում բերել-տվել են, ու ես չգիտեմ ինչից է էղել։ Կարող է սպանություն է էղել... ես չգիտենա՞մ իմ էրեխես... ի՞նչ է էղել պատճառը։ Ու իրանց անկազմակերպ վիճակի մասին է էս ամեն ինչը, ականատես ես եմ իմ աչքերով տեսել...» - ասում է Պալյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը։
Ծնողները ռազմական գերատեսչությանն են մեղադրում, որ ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, այլապես վստահ են, որ իրենց մինուճար որդու կյանքը հնարավոր կլիներ փրկել. - «Իմ էրեխես գիշերվա էրկուսից մինչև առավոտվա ինը-տասը նոր հասցրել են Սիսիանի գոսպիտալ... չորս-հինգ ամիս է արդեն լուռ լռություն է։ Իրանց համար ի՞նչ կա որ... հերթական զինվորներից մեկն էր իրենց համար», - ասում է որդեկորույս մայրը։
«Դեպքը տեղի էր ունեցել, ոչինչ չենք կարա անի, բայց հիվանդանոցը կարաինք փրկեինք։ Եթե ժամանակին ամեն ինչը հասցվեր, կփրկվեր։ Որովհետև իրա կողքը ավելի ծանր հիվանդ է էղել, փրկվել է էդ հիվանդը։ Ժամանակին չեն հասցրել, դեղերը ժամանակին չեն հասցրել... Ու իրանց էդ անփութությունները մինչև առ էսօր շարունակվում են», - հավելեց հայրը։
Ջիվան Պողոսյանն տեղի ունեցածի հետ չի հաշտվում, անպատասխան հարցերից հետո վարչապետի հետ է հանդիպում պահանջում. - «Իրա անձնակազմը, ռազմական անձնակազմի մասին է խոսքը, անտարբերություն... վերին աստիճանի անտարբերություն։ Արդեն հինգերորդ ամիսն է, մենք ոչ մի տեղեկություն չունենք, թե մեր զինվորը, իմ զինվորը, իրանց զինվորը չէ, ի'մ զինվորը... Ես կուզեմ Փաշինյանի հետ հանդիպում ունենամ, զուտ մարդկային հարցեր տամ իրան, ու ինքը ինձի պատասխանե»։
Ծնողներն հանդիպում էին պահանջում նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, բայց հանդիպում այդպես էլ չի կայացել։ Նախարարի փոխարեն փոխնախարարի հետ են հանդիպել ու իրենց հարցերի պատասխանը այդպես էլ չեն ստացել. - «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր թանկագին ժամանակից տասը րոպե չկարողացավ տրամադրել մեզ՝ սահման պահած զինվորի ծնողներին»։
Նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորասյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ծնողներին առաջիկայում նաև նախարարը կընդունի։
Որ տղայի հետ դժբախտ դեպք է պատահել, ընտանիքն առաջինը ընկերներից էր իմացել։ Պաշտպանության նախարարությունը հրդեհից միայն 8 օր անց հայտնեց, երբ զինվորի վիճակը արդեն ծայրահեղ ծանր էր։ Ըստ ռազմական գերատեսչության, Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքում, զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից:
Ծնողները պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվի դիրքի պատասխանատու մայորը, որին վստահված է եղել իրենց որդու կյանքը. - «Մեր պահանջը նա է, որ այդպիսի պաշտոնյաները Զինված ուժերում անելիք չունենան, որին վստահվել է մեր զավակների նման երեխաների կյանքը։ Որպես մեծ ինքն է ներկա եղել, երեխեքի կողքին ինքն է գտնվել։ Ու էդպե՞ս է պահել մեր էրեխեքի կյանքը։ Բոլոր վկաները թող վկայեն, թե ես ինչ ձևի երեխա եմ տվել հայրենիքին, ու ինչ են տվել ինձ։ Ես էդ բժշկին խնդրել եմ, որ հենց էդ մայորը մտնի ու իրա աչքերով տեսնի իմ Պալյանիս։ Դիտմամբ եմ արել, որ ինքը բարձին չկարողանա գլուխը դնել ու քնել»։
Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե գործի նախաքննությունը ինչ փուլում է, կա՞ն արդյոք մեղադրյալներ կամ կասկածյալներ։ Կառույցից փոխանցեցին, որ մեր հարցերին ավելի ուշ կպատասխանեն։
Բանակի հարցերով զբաղվող Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, խաղաղ պայմաններում բանակում այս տարի 41 զինվոր է մահացել, մեծ մասը՝ դժբախտ պատահարների, հատկապես ավտովթարների ու առողջական խնդիրների հետևանքով։