Այսօր վաղ առավոտյան Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել, հաղորդել է Հարավային Կորեայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը։
«Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը լրջագույն սադրանք է և սպառնալից գործողություն։ Այն խաթարում է խաղաղությունն ու կայունությունը ոչ միայն Կորեական թերակղզում, այլև ողջ միջազգային ասպարեզում՝ ոտնահարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը», - հայտարարել է Հարավային Կորեայի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Յոն-Ռակը։
Հարավկորեական աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռը մոտ հազար կիլոմետր տարածություն է կտրել՝ վայր ընկնելով ճապոնական Հոկայդո կղզու հարևանությամբ։ Ճապոնացի պաշտոնյաների պնդմամբ՝ այսօր փորձարկված հյուսիսկորեական հրթիռն ի վիճակի է հասնել Միացյալ Նահանգների տարածքին։
«Փորձարկումներից անմիջապես հետո Հարավային Կորեայի Զինված ուժերն ու Կորեական թերակղզում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները զորավարժություններ են սկսել», - հաղորդում է Սեուլում գործող «Ռյոնհափ» լրատվական գործակալությունը։