Քաղաքացիները չեն հասկանում իրենց եկամուտները հայտարարագրելու կառավարության որոշման նպատակը

Շարքային քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու կառավարության որոշումը վրդովեցրել է ֆինանսիստ Մարիամ Գասպարյանին։ 67-ամյա կինը լուրը լսել, արդեն քննարկել էր գործընկերների հետ՝ այդպես էլ չգտնելով իրեն մտահոգող հարցի պատասխանը՝ ի՞նչ նպատակով է իշխանությունը ցանկանում հայտարարագրել նաև իր եկամուտները։

«Պետք է գույքագրում անցկացնեին՝ ովքեր են այդ դղյակների տերերը, նրանց հայտարարագրեին, հայտարարագրեր պահանջեին դրանցից, ոչ թե սենց, մի 450 հազար աշխատող կա, որոնք ցածր աշխատավարձ են ստանում, նրանք ի՞նչ հայտարարագիր ներկայացնեն: Այդ հարցն էլ էինք խոսում, որ տեսնես որ երկրում է, որ այդպես հայտարարագրեր են վերցնում: Խնդիր չի, եթե մարդու հացի փողն ու տրանսպորտի փողը պիտի հայտարարագիր վերցնեն, եթե դա կնպաստի պետության զարգացման համար, թող վերցնեն, բայց դա անիմաստ բան է», - ասում է նա:

Օրենսդրական նախագիծը կառավարության այսօրվա նիստում հավանություն ստացավ, քննարկումն Ազգային ժողովում համարվեց անհետաձգելի։ Եկամուտների մասին տվյալները էլեկտրոնային տարբերակով հարկային մարմիններն են կազմելու, իսկ քաղաքացուն մնալու է դրանց ճշգրտությունը ստուգել՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ, լրացումներ անել ու հաստատել։ Չհաստատելու դեպքում գործադիրը տուգանքներ է նախատեսում։

«Նախատեսել ենք, որ 20 հազար դրամից սկսած ըստ ռիսկերի խմբերի, աստիճանական մինչև 300 հազար դրամ պետք է լինի, բայց Ազգային ժողովում էլ քննարկումների ժամանակ կխոսենք մեր գործընկերների հետ», - հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշումը կարևոր քայլ է անվանում ու քաղաքական և քաղաքացիական համախմբումբն անհրաժեշտություն համարում. «Պետք է այդ համակարգը, այո, հետևողականորեն ներդնենք և կոնսոլիդացնենք քաղաքական և քաղաքացիական կամքը, որը պետք է արտահայտվի այդ թվում պետական բյուջեի եկամուտների աճով»։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հաջորդ տարվանից սկսած փուլերով՝ 3 տարիների ընթացքում սկսել քաղաքացիների եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Առաջին տարում հանրային ծառայողները, 1 մլրդ դրամ եկամուտը գերազանցող կազմակերպությունների բաժնետերերը պետք է հայտարարագրվեն: Քաղաքացիների շրջանակն ամեն տարի կմեծանա։ Արդեն 2026-ից Հայաստանում բնակվող ՀՀ մշտական քաղաքացիներն ամեն տարի հայտարագիր կունենան։

Կառավարության գաղափարը «Ազատության» հարցման մասնակից ոչ բոլոր քաղաքացիներին էր դուր եկել։

«Չեմ հասկանում... մինչև վերջին կոպեկը պիտի հաշվեն», - ասաց նրանցից մեկը:

«Պիտի ունենանք, որ պահանջեն», - հավելեց մյուսը:

«Մենք ավելի շատ կողմ ենք, թող հաշվեն, ավելի լավ, թող երևա ամեն մեկի աշխատավարձը»:

Մինչ այդ գործադիրից վստահեցնում են, թե հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց վճարած եկամտային հարկից որոշ գումար հետ ստանալ։ Այդ նպատակով, ըստ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի, սոցիալական կրեդիտների համակարգ է ներդրվելու։ Թե որքան կկազմի գումարը, դեռ հայտնի չէ։