Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե «հրապարակային բանակցություններ» գոյություն չունեն: Նրա խոսքով, առաջարկելով այդօրինակ տարբերակը՝ Կիևը ցույց է տալիս, որ իրականում չի ցանկանում բանակցել:
«Դժվար է ընդհանրապես պատկերացնել հրապարակային բանակցությունները: Նման բանակցություններ չեն լինում, առավել ևս այդ բնագավառում: Միանշանակ է մեկ բան՝ ուկրաինական կողմը ոչ մի բանակցություն չի ուզում, ուստի, հատուկ ռազմական օպերացիան շարունակվում է, և դրա նպատակները պետք է իրականացվեն»,- ասել է Պեսկովը:
Իր մեկնաբանությամբ Կրեմլի խոսնակն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկվա հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ ցանկացած հարց պետք է հրապարակավ քննարկվի: Զելենսկին այդ մասին խոսել է տեսաուղերձում, որով դիմել է Բալիում «Մեծ քսանի» գագաթնաժողովի մասնակիցներին:
Նա նշել է, թե «մի քանի պետությունների ղեկավարներից ստացել է որոշակի ազդակներ ռուսական կողմի հետ բանակցելու հնարավորության մասին»:
Վլադիմիր Զելենսկին այդ երկրների ներկայացուցիչներին ասել է, թե «Ռուսաստանն Ուկրաինայի դեմ վարում է լայնածավալ պատերազմ, հետևաբար, բոլոր բանակցությունները պետք է անցկացվեն, ոչ թե կուլիսների ետևում, այլ՝ հրապարակավ»: