ԵՄ բանագնացի հետ հանդիպման ընթացքում Ալիևը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը «մանիպուլացնելու համար»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի ղեկավարած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում են Եվրամիության մի շարք պաշտոնյաներ և Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Ալիևը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը մանիպուլացնելու համար և ասել է, թե «Բաքուն պատրաստ է երկխոսել հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից թունավորված Ռուբեն Վարդանյանի, ով հատուկ առաքելությամբ է ուղարկվել»:

«Նրանք {հայերը} անկեղծ չէին, մենք էլ էինք խաղաղուոյուն ուզում, բայց ուզում էինք նաև մեր հողերը: Իսկ նրանք ուզում էին խաղաղություն, բայց առանց հողերը վերադարձնելու: Դա էր տարբերությունը: Այդպիսով, մենք ստիպված էինք ուժային մեթոդով, ապա քաղաքական միջոցներով լուծել հակամարտությունը: Ես նրանց այսօրվա խոսույթը խաղաղության մասին մանիպուլյացիայի ձև եմ համարում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա պնդմամբ, եթե հայերը ձգտեին խաղաղության, ապա դրական կարձագանքեին Ադրբեջանի ներկայացրած առաջարկներին:

Իլհամ Ալիևը նաև նշել է, թե հայկական կողմը տասնամյակների ընթացքում անողոքաբար ոչնչացրել է ադրբեջանական պատմական և կրոնական ժառանգության արժեքները և դրանց նկատմամբ «վարել է «Իսլամական պետությանն» ու «Ալ-Ղայդային» բնորոշ քաղաքականություն»: