Բանգկոկում գումարվել է Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի նախարարական համաժողովը

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում գումարվել է Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի նախարարական համաժողովը: Ենթադրվում է, որ օրակարգում ի շարս աշխարհաքաղաքական այլ հարցերի կլինի նաև Ուկրաինայի պատերազմը:

Հավաքը հաջորդում է Բալիում օրերս ավարտված «Մեծ քսանի» գագաթնաժողովին, որի ավարտին ընդունված հայտարարությամբ «քսանյակի» երկրների մեծ մասը միանշանակ դատապարտել է Ուկրաինայում ընթացող պատերազմը, թեպետ տեքստում նշվել է, որ որոշ պետություններ տվյալ հակամարտությունն այլ կերպ են ընկալում: Ռուսաստանը «Մեծ քսանի» անդամ է, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցել գագաթնաժողովին: Բալիում ներկա է եղել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Բանգկոկում Ռուսաստանը ներկայացնում է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը: Ենթադրվում է, որ Բանգկոկի հավաքում տեղի կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի առանձնազրույցը: Միացյալ Նահանգներից հավաքին ներկա է փոխնախագահ Քամալա Հարիսը: