Կներդրվի ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2023 թվականից սկսած, 3 հաջորդ տարիների ընթացքում, ներդնել Հայաստանի ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։

Ըստ նախագծի՝ հարկային մարմինները կնախալրացնեն հայտարարագրերը՝ եկամուտների և դրանից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, և էլեկտրոնային եղանակով կպատրաստեն հայտարարատուի ծանոթացման համար։ Յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու նույնականացված տվյալներով մուտք կգործի հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, կստուգի տվյալների ճշտությունը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կկատարի և հայտարարագրի վերջնական տարբերակը կհաստատի մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 20-ը։

Ծրագիրը կիրականացվի եռափուլ ժամանակահատվածով։

Համակարգի ներդրմանը զուգահեռ կներդրվեն խթանող միջոցառումներ՝ սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով, ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պարզաբանելով՝ հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորութուն կստանան իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված, հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված, առողջապահության, կրթության և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշ գումարներ։

Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղություները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը կսահմանվեն կառավարության որոշմամբ՝ օրենքի ընդունմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում։

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, քննարկումն Ազգային ժողովում համարեց անհետաձգելի։