Հայաստանում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների գծով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Տ. Լասիկան:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արման Գրիգորյանն, այսօր ընդունելով նրան, ներկայացրել է Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կառավարության աշխատանքները:
ԱԽ քարտուղարը ողջունել է Լասիկայի այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման դինամիկան, որն ընդգրկում է նաև անվտանգության ոլորտը:
ԱՄՆ դեսպանատունն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 16-17-ին նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակներ կնդի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին՝ քննարկելու հայ - ամերիկյան անվտանգային հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։