Երեկ տեղի ունեցած Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) համագումարը Հակոբ Ղազանչյանին վերընտրեց միության նախագահ, և առաջիկա 5 տարիներին ևս նա կղեկավարի միությունը, որը ներկայումս 700-ից ավելի անդամ ունի։
Հակոբ Ղազանչյանը միությունը ղեկավարում է 2008 թվականից։ «Ազատության» հետ զրույցում խոսելով միության առաջկա տարիների անելիքների մասին՝ նա առանձնացրեց սերնդափոխության անհրաժեշտությունը. - «Առաջիկայում կարևոր խնդիր է լինելու, որպեսզի արդեն սկսվի սերնդափոխության գործընթացը։ Դա շատ կարևոր, ամենակարևոր ստրատեգիական մեր ուղղությունն է լինելու։ Պետք է այնպես անենք, որպեսզի միությունը սկսի համալրվել երիտասարդ կադրերով, որպեսզի հետագայում արդեն նրանք որոշեն միության ճակատագիրը»։
Ղազանչյանը մի ուշագրավ դիտարկում արեց՝ կապված առհասարակ այսօրվա թատերական ընտանիքի հետ, որը տարեցտարի համալրվում է նորանոր երիտասարդ անդամներով, բայց բոլորովին պարտադիր չէ նրանց թատերական գործունեության և առաջընթացի համար Թատերական գործիչների միության անդամ դառնալը. - «Մեր միության համար, մեր գործունեության համար երբեք սկզբունքային չի եղել Թատերական գործիչների միության անդամ է, թե միության անդամ չի։ Եվ եթե մենք նայենք մեր բեմի՝ Թատերական գործիչների տան բեմի ծանրաբեռնվածությունը, այնտեղ օր ու դադար չկար, հատկապես էս վերջին տարին, նաև պանդեմիայից առաջ։ Էնտեղ անընդհատ գալիս են երիտասարդներ, էնտեղ պարբերաբար լինում են դիպլոմային ներկայացումներ, դիպլոմային ռեժիսորական ներկայացումներ, երիտասարդները պրոեկտներ են անում, էնտեղ գալիս խաղում են։ Եվ մենք ոչ մի անգամ էդ հարցը ոչ մեկին չենք տալիս՝ դու միության անդա՞մ ես, թե՞ ոչ, որ իրեն տրամադրենք դահլիճը։ Այսինքն՝ միությունը իր գործունեության մեջ միշտ ծառայել է թատերական մեր հանրությանը, և մեզ համար բացարձակապես սկզբունքային նշանակություն չի ունեցել միության անդամը լինել-չլինելը։ Նկատի ունեմ մեր բեմը, որտեղ պարբերաբար ներկայացումներ են լինում, փառատոնային ներկայացումներ՝ և' Արմմոնոն, և' Հայֆեստը, և' Շեքսպիրյան փառատոնը, էնտեղ խաղում են և հյուրախաղային ներկայացումներ։ Էնպես որ, դահլիճը ծառայում է, և հիմնականում դահլիճը տրամադրվում է հիմնականում՝ 95 տոկոսով, տրամադրվում է անվճար։ Եթե տրամադրվում է վճարովի, դա լինում է մի պայմանով՝ եթե իրենք տոմս են վաճառում։ Կնքվում է համապատասխան պայմանագիր օրենքով սահմանված կարգով, և սիմվոլիկ գումար, հինգ կամ տասը հազար դրամի չափով գումար մենք վերցնում ենք»։
Հարցիս, թե ինչպիսին է լինելու սերնդափոխության գործընթացը և կամ ինչպես են այն իրականացնելու՝ Հակոբ Ղազանչյանն ասաց--
Հարցին, թե ինչպես են իրականացնելու սերնդափոխության գործընթացը, Հակոբ Ղազանչյանն արձագանքեց. - «Պետք է մեր լիդերներին՝ ավելի երիտասարդ, ավելի աչքի ընկած, պետք է բերենք, ներգրավենք, հիմա էլ են իրենք ներգրավված, բայց պետք է էնպես ներգրավենք, որ իրենք արդեն իրենց տեր զգան էս գործին։ Եվ երբ որ ժամանակի ընթացքում ձևավորվեցին անհատականություններ, ձևավորվեցին մարդիկ, ովքեր ի վիճակի են փոխարինել մեզ, իհարկե էդ մարդիկ թող հետագայում արդեն պայքարեն նախագահ դառնալու համար։ Դա ես չեմ որոշում, դա պետք է հերթական համագումարը որոշի։ Բայց ասեմ մի բան. այն օրը, երբ որ պարզ եղավ, որ կա արդեն էդ պաշարը, ես ինքս ցանկություն ունեմ հինգ տարի չմնալու։ Ե՞րբ դա կլինի՝ երկու տարի հետո, երկուս ու կես տարի հետո, մեկ ու կես տարի հետո, դա արդեն թող ժամանակը ցույց տա»։
Անդրադառնալով միության առջև կանգնած խնդիրներին ու թատերական ընտանիքում միության ունեցած դերին՝ Հակոբ Ղազանչյանն ասաց. - «Միությունները նախ էն կազմակերպություններն են, որոնք միավորում են դաշտը։ Էդ անհրաժեշտությունը կա՝ դա ուզեն թե չուզեն պետական այրերը։ Եվ ես ասեմ, որ վերջին տասնհինգ տարում էնպես չի եղել, որ զգանք, որ մեզ հետ համագործակցությունը շատ դուր է գալիս վերևներին։ Միությունները դաշտը միավորում են, լոբբիստական գործունեություն են տանում, պաշտպանում են թատրոններին, պաշտպանում են անհատ թատերական գործիչներին, եթե իրենք դիմում են մեզ, եթե դրա կարիքը իրենք ունեն»։