Աշխարհի առաջատար տերությունների առաջնորդները հավաքվել են արտակարգ հանդիպման՝ քննարկելու Լեհաստանի արևելքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող գյուղերից մեկի վրա հրթիռների ընկնելու միջադեպը, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ZET. «Երկու հրթիռ պայթել է Լեհաստանում, կան զոհեր»Հաղորդվում է, որ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի բոլոր հյուրերի պլանները վերագծվել են` կապված Լեհաստանում տեղի ունեցածի հետ:
Համաշխարհային առաջնորդներն անընդհատ հեռախոսով զրուցում էին իրենց պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ և նրանց հետ քննարկում Լեհաստանի թեման։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հանդիպումից առաջ հասցրել են զրուցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Բայդենը զրուցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Հանդիպմանը, որը Սպիտակ տունն անվանել է «արտակարգ կլոր սեղան», մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Իսպանիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Նիդերլանդների ղեկավարները։
Պայթյուններից հետո Վարշավան անմիջապես Անվտանգության խորհրդի նիստ էր գումարել և որոշել բարձր պատրաստվածության վիճակի բերել զինված ուժերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանը բարձր պատրաստվածության վիճակի է բերել զինված ուժերըԼեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, որի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն հարձակումը դաշինքի անդամներից որևէ մեկի վրա դիտարկվում է որպես հարձակում ընդդեմ բոլորի: Միաժամանակ, արևմտյան աղբյուրները նշում են, որ ռազմական դաշինքի արձագանքը կատարվածին մեծապես կախված կլինի քննության արդյունքներից, մասնավորապես հարցից`միջադեպը միտումնավոր էր, թե պատահական:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին ասել է, որ տեղեկություն չունի Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի մասին։
«Ցավոք, ես տեղեկություն չունեմ այդ մասին», - անգլերեն թարգմանությամբ Պեսկովի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին կոչ է արել բնակիչներին հանգստություն պահպանել, նշելով, որ Լեհաստանը բարձրացնում է իր զինված ուժերի առանձին ստորաբաժանումների մարտունակության մակարդակը, մասնավորապես ուժեղացնում է վերահսկողությունը իր օդային տարածքում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «շատ անհանգստացած է» Լեհաստանում հրթիռների պայթյունով և հուսով է, որ հետաքննությունը կիրականացվի առավելագույնս մանրակրկիտ կերպով, ասվում է Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ։
«Չափազանց կարևոր է խուսափել Ուկրաինայում պատերազմի սրումից», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։