Լեհաստանում հեռարձակվող ZET ռադիոկայանը քիչ առաջ հաղորդել է, որ Լեհաստանի տարածքում ընկել և պայթել են ենթադրաբար ռուսական երկու մարտական հրթիռներ: Զոհվել է առնվազն 2 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Լեհաստանի Լյուբլինի մարզի Պշևոդուվ գյուղի մոտ՝ Ուկրաինայի սահմանից շուրջ 5 կիլոմետր հեռավորության վրա:
Չի բացառվում, որ ռուսներն այդ հրթիռներն արձակել են Ուկրաինայի ուղղությամբ, սակայն դրանք շեղվել են թիրախից ու հասել են Լեհաստանի տարածք:
Այսօր Ուկրաինան ռուսների կողմից առավել ծանր հրթիռակոծության է ենթարկվել:
Լեհաստանի կառավարությունն այս պահին արտակարգ ժողով է գումարում: Լեհերը դեռ չեն շտապում որևէ եզրակացություն հայտնել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարել է, թե «Զինված ուժերի կողմից այսօր հարվածներ չեն հասցվել լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող թիրախներ»:
Ռուսները «սադրանք» են անվանել լեհական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը:
Միացյալ Նահանգները հայտնել է, որ ուշադրությամբ հետևում է այս խնդրին, և «դրա վերաբերյալ Լեհաստանից ստացվող հաղորդագրությունները մեծ մտահոգություն են առաջացնում»:
Վաշինգտոնը նշել է, որ ակտիվ կապի մեջ է Լեհաստանի իշխանության հետ: ՆԱՏՕ-ն նույնպես հաղորդել է խնդիրը լեհական կողմի հետ քննարկելու մասին:
«Տեղի է ունեցել այն, ինչի մասին մենք վաղուց ենք նախազգուշացրել: Ռուսաստանը շարունակում է ահաբեկչական գործողությունները, դրանք այսօր արդեն հասել են Լեհաստան», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է: Հյուսիսատլանտյան դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն, հարձակումը որևէ անդամի վրա հավասարազոր է հարձակման ամբողջ դաշինքի վրա: